Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին, որոնք շաբաթ օրը կարգ ու կանոն են ապահովել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ:
Մակրոնի խոսքով՝ ցուցարարների կողմից ոստիկանների վրա հարձակումները «խայտառակություն» են:
«Բռնությունը մեր հանրապետությունում տեղ չունի»,- հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը:
Նախօրեին Փարիզում դիզելային վառելիքի հարկի ավելացման դեմ բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: Ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք իրենց հերթին ոստիկանների ուղղությամբ քարեր և պայթուցիկներ են նետել, բարիկադներ տեղադրել և այրել դրանք:
Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է 130 մարդ: Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության, անկարգությունները կազմակերպել են աջակողմյան ծայրահեղականները:
Շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հազարի հասնող ցույցեր, որի մասնակիցների համոզմամբ, վառելանյութի հարկերի ավելացումը կհարվածի նախևառաջ ոչ հարուստ խավի գրպանին:
Ֆրանսիայի իշխանությունները դիզելային վառելիքի հարկերի բարձրացումը պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարով: Ֆրանսիական կառավարությունը կոչ է անում՝ անցնել էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների: