Եվրամիության անդամ 27 երկրների առաջնորդները հավանություն են տվել կառույցից՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով համաձայնագրի պայմաններին։ Այդ մասին այսօր Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Բրյուսելում հրավիրված հատուկ նիստից առաջ Եվրամիության երկրների առաջնորդներն իրենց մեկնաբանություններում համոզմունք էին հայտնում, որ գործարքը լավագույնն է և որ այն այլընտրանք չունի:
Վերջին հնարավոր խոչընդոտը վերացվեց, երբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը բրիտանական կառավարությունից հավաստիացումներ ստացավ Ջիբրալթարի հարցով և հրաժարվեց նիստը արգելափակելու մտադրությունից:
Մեծ Բրիտանիայում համաձայնագրի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Փաստաթուղթը քննադատում են թե՛ «Բրեքզիթ»-ի կողմնակիցները, թե՛ հակառակորդները, հետևաբար առայժմ հստակ չէ, արդյո՞ք խորհրդարանում համաձայնագիրը բավարար կողմ ձայներ կստանա:
Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել բաց նամակով՝ խնդրելով աջակցել «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրին, որն, իր խոսքով, նոր էջ կբացի երկրի կյանքում։