Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հույս ունի, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք շարժիչ դեր կխաղան հայ թատրոնի զարգացման համար։ Եվ դրա համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ արվեստագետները պատգամավոր դառնան, ասում է նա։
«Կարևորը, որ պատգամավորները, երբ որ ընդունում են որոշակի ոլորտի մասին որոշումներ, փորձեն այդ ոլորտի մասնագետնորի հետ խոսել։ Ես ձեզ բերեմ մի օրինակ՝ մեր նախկին քաղաքապետարանում կար խոշոր մշակութային գործիչների խումբ։ Մեր քաղաքապետարանը ամենակոռումպացված օղակներից մեկն է եղել, այդ ավագանու շատ լավ մեր ընկերներ, մարդիկ չէին կարող դիմադրել հուշարձանների քանդմանը և այլն և այլն։ Մեծ խումբ էր, օգուտը ո՞րն է»,- հարցնում է Ռուբեն Բաբայանը։
Տիկնիկային թատրոնի տնօրենը հավելեց, որ պետությունը պետք է կարողանա գտնել ձևերը, ինչպես է ֆինանսավորելու մշակույթը՝ շարունակելով. ֊ «Ես ամեն ինչ կանեմ, ես կբեմադրեմ ներկայացումներ, այդ ներկայացումները կբերեն հանդիսատես, այդ ներկայացումները կգնան փառատոն, մրցանակներ կստանան, այդ ներկայացումները կդաստիարակեն երիտասարդ սերունդ։ Թողեք այդ ամեն ինչը ես կանեմ, դուք չեք կարող երգ գրել, դուք չեք կարող վեպ գրել, Վարդանը կարող է գրել։ Դուք կարող եք միայն ֆինանսավորել, դե արեք։ Ձեր գործն էլ այդ է։ Խառնվում եք մեր գործի մեջ՝ երգը սենց պետք է գրվի, ներկայացումը այսպես, դա ձեր գործը չի, ձեր գործը փող տալն է ու վերջ»։