Մատչելիության հղումներ

Լոռու մարզում աղքատության նպաստները մեծապես խանգարում են նոր աշխատակիցներ ներգրավելուն. գործարար


Լոռու մարզում տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող գործարարները շեշտում են՝ աղքատության նպաստները մեծապես խանգարում են նոր աշխատակիցներ ներգրավելուն։ Տաշիրում գործող ընկերություններից մեկի ղեկավար Արա Յավումյանն ասում է՝ այս տարի մոտ 2 միլիոն դոլարի ներդրում են արել և 500 նոր աշխատատեղ ստեղծել, բայց կանայք դիմում են միայն առանց գրանցվելու աշխատելու պայմանով։ ֊ «Շատ մարդիկ կան, որ դիմում են, բայց խնդիրը կա, որ չեն ուզում գրանցված աշխատել։ Մենք էլ չենք կարող առանց գրանցել», ֊ ասում է նա։

Վանաձորում գործող ամենամեծ արտադրական ձեռնարկության՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրական տնօրեն Հասմիկ Ջուլհակյանն էլ նշում է՝ զարգացած տեքստիլ արտադրություն ունեցող մարզում կարի մասնագետներ պատրաստող միակ բուհը՝ պոլիտեխնիկական համալսարանը, այս տարվանից փակել է համապատասխան բաժինը դիմորդների պակասի պաճառով։ 2500 աշխատող ունեցող ֆաբրիկայի տնօրենն ասում է՝ իր դասավանդած կուրսում ընդամենը երեք ուսանող կա։ ֊ «Իրոք մասնագետների սով է։ Մասնագետ չկա», ֊ դժգոհում է նա։

Եղած կադրերին՝ հատկապես երիտասարդ կանանց, շուրջը հավաքելու համար նաև ուրիշ խնդիրներ են մատնանշում։

«Երիտասարդ կադր աշխատողների քանակը շատ քիչ է, որովհետև մանկապարտեզների հարցը լավ լուծված չէր», ֊ ասում է Հասմիկ Ջուլհակյանը։

Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ղուկաս Ղուկասյանը համոզված է, որ բիզնեսի ակտիվացման և նոր աշխատատեղերի ստեղծման դեպքում միայն կարող է իրավիճակը փոխվել. աշխատաշուկայի մեծացման հետ կբարձրանան նաև աշխատավարձերն ու հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ։ Քանի դեռ ոլորտի մրցակցությունը մեծ չէ, իսկ հարկային դաշտն անբարենպաստ՝ բարձր աշխատավարձ սահմանելու համար, աղքատության նպաստն ավելի գրավիչ է, քան աշխատատեղը, շեշտում է Ղուկաս Ղուկասյանը։ Վանաձորի ձեռնարկություններում 6-օրյա և հաճախ ավելի քան 8-ժամյա աշխատանքի դիմաց 100-120 հազար դրամ աշխատավարձը բարձր է համարվում։

«Շրջափակման մեջ ենք, սեփական նավահանգիստներ չունենք, երկաթուղիներ չունենք, հումքը բերելը ծախս ա, պատրաստի արտադրանքը արտահանելը ծախս ա։ Եթե գործատուն էլ մի քիչ բարձրացնի աշխատավարձը, իր արտադրանքը դառնում ա անմրցունակ», ֊ ասում է Ղուկասյանը։

Գործարարների հետ ամենօրյա շփման մեջ գտնվող պալատի տնօրենն ասում է, որ արտերկրում, հիմնականում Ռուսաստանում և Հունաստանում բնակվող գործարարները, ովքեր ժամանակին հեռացել են Լոռու մարզից, հեղափոխությունից հետո հարցուփորձ են անում՝ հարազատ Լոռիում նոր գործ սկսելու կամ նախկինում ունեցած բիզնեսը վերաբացելու հնարավորությունների մասին։

«Առայժմ սպասողական վիճակ է բոլորի մոտ, միանգամից էդ թափանիվը չի սկսի պտտվել։ Մեկը պետք ա մի հատ հաջողակ բիզնես անի, որ մյուսներն էլ կողքից տեսնեն՝ դրեց, աշխատեց, ես էլ ուրեմն գնամ նրա հետևից։ Երկար տարիներ դադարից հետո նորից գալ֊ակտիվացնելը՝ դա էլ որոշակի խնդիր է», ֊ հավելում է Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը։

Բայց լուրջ քայլեր ձեռնարկելու համար գործարարներն սպասում են ինչպես նախկին խոչընդոտների լիարժեք վերացմանը, այնպես էլ էական հարկային բարեփոխումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG