Լուսակունքի նպաստառուների շարքում կան նաև աշխատունակներ։
Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի ընտանքիների գրեթե կեսը՝ ավելի քան 110-ը նպաստառու է։ Համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի վստահեցմամբ՝ ոչ ոք առանց լուրջ պատճառի չի հայտնվել այդ ցուցակում։
«Հիմնականում աշխատանք չունեն։ Նորաստեղծ ընտանիք են, բազմաշունչ ընտանիք են, կան ինվալիդներ, որոնք ծանր ընտանիքի տեր են, տարբեր», - ասաց Խաչիկ Խաչատրյանը։
Նպաստի գմումարը, սակայն, գյուղացիների պնդմամբ, իրենց հոգսերն առանձնապես չի նվազեցնում։ Դրանով հազիվ կարողանում են կոմունալ վարձերը վճարել։
«36 հազար դրամ է ընդամենը։ Այդ 36 հազարով իրենք չեն կարա իրենց ընտանիքը պահել։ Եթե հնարավորություն ունենան անասուն էլ կպահեն, հող էլ կմշակեն։ Չունեն այդ հնարավորությունը», - ասում է համայնքապետը։
Համայնքապետարանում վստահ են՝ եթե աշխատատեղեր լինեն, այդ մարդիկ կաշխատեն և նպաստին չեն սպասի։
«Երիատասարդ ընտանիքները, նամանավանդ, որոնք նպաստ ստանում են, աշխատատեղ լինելու դեպքում կարող են և աշխատանքով ապահովվել և դուրս գալ օգնության այդ ցանկից։ Նպաստը նաև օժանդակում է որոշ չափով, բայց որոշիչ չէ, որովհետև նպաստով գոյություն պահել չի լինում», - վստահեցրեց Խաչատրյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետին, թե մարդիկ անասունները վաճառում են, որպեսզի համարվեն նպաստառու, Լուսակունքում հակադարձում են՝ անասնապությունն այսօր շահութաբեր չէ։ ֊ «Գյուղատնտեսությունն էլ բավականին ծախսատար է, անասնապահությունն էլ։ Շահութավետությունը, արդյունքը ավելի քիչ է, դրա համար նամանավանդ այդպիսի ընտանիքներն ի վիճակի չեն ավելի շատ անասնապահությամբ, դաշտավարությամբ զբաղվել։ Նաև կապված է ծախսի հետ, իսկ այլ եկամուտներ չունեն, որպեսղի ներդնեն անասնապահության կամ դաշտավարության զարգացման մեջ և հետագա արդյունքով կարողանան իրենց կարգավորել», ֊ պնդում է համայնքապետը։
«Կոնկրետ տարիներ առաջ մեր փողոցում անասուններին տեղ չկար անցնելու, իսկ այսօր ընդամենը երևի պահում ենք մենք և մի երկու ընտանիք այս փողոցում։ Արոտավայր չկա, պահելու հնարավորությունները քիչ ա, խոտհարքներ կան, բայց հասու չեն ճողովրդին», - ընդգծեց գյուղի բնակչուհի տիկին Թամարան, ում 6 հոգանոց ընտանիքի միակ աշխատուժը տղան է։ Ինքն ու հաշմանդամ ամուսինն էլ փորձում են անասնապահությամբ ընտանիքին օգնել։ Նպաստառու են։
«Իհարկե հաճելի կլիներ, որ այսօր աշատանք լիներ տղաս ստաբիլ աշխատեր։ Այդ նպաստը ում է պետք։ 18 հազար նպաստ է, այդ 18 հազարով ինչ կարող ես անել։ Կարելի է ասել աղքատավարձ կամ չգիտեմ ինչ, ոնց բնութագրես չգիտեմ այդ 18 հազարը։ Դրանով չգիտեմ ինչ կարելի է անել։ Մեր կենսաթոշակն էլ երկուսիս հազիվ բավաարում է լույսի, գազի վարձը տալու», - ասաց տիկին Թամարան։
Լուսակունքում նպաստառու ընտանիքներից գրեթե բոլորում հաշմանդամություն ունեցող մադ կա։ Ասում են՝ նպաստով անգամ այդ մարդկանց դեղերի խնդիրը չեն կարողանում լուծել։
«Դե լույսն է փակում, գազն է փակում, մեկ-մեկ էլ թոշակով դեղերի հարցն ենք փակում, հողից ստացվածն էլ մեր ուտելիքն է, սնունդն է։ Դե ինչ անես այդ է։ Պարտք պարտքի վրա։ Օր է եղել՝ հաց չի եղել ուտելու։ Այդպես յոլա։ Կարտոշկա կցանես տարի կա կա, այս տարի ոչինչ չկա», - նշեցին համայնքի բնակիչներից մի քանիսը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նպաստների տրամադրման գործող համակարգը մարդուն ստիպում է մնալ աղքատ, մինչդեռ, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, պետք է նպաստներով օգնել մարդկանց դուրս գալ այդ վիճակից։
«Մենք ասում են, ժողովուրդ ջան, եթե անապահով է այդ ընտանիքը մեծ հավանականությամբ այնտեղ կա երեխա։ Եկեք նպաստը տանք երեխային։ Նույն ընտանիքին տանք, բայց նպաստը տանք երեխային, որը օբյեկտիվ հատկանիշ է։ Այսինքն երեխան երեխա է և այդ մարդուն մենք չենք ստիպի, ասենք՝ գնա կովդ էլ մորթի, հեռուստացույցդ էլ ծախի, շորերդ էլ պատռի, որ հանկարծ մենք քո ձեռքից նպաստը չվերցնենք։ Մենք պետք է նպաստը տանք մարդուն ոչ թե նրան դատավճիռ, որ դու շարունակի մնա աղքատ թե չէ վատ է լինելու քո վերջը, որ մենք օգնենք նրան, որպեսզի իր աղքատությունը հաղթահարի», - ընդգծեց վարչապետի պաշտոնոկատարը։