Շիրակի մարզում Հայ հեղափոխական դաշնակցության ռեյտինգային թեկնածու, գործող պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը ակնկալում է, որ այս ընտրությունները, ինչպես խոստացել են իշխանությունները, կլինեն առանց կաշառքի, սակայն թերահավատ է վարչական ռեսուրսի կիրառման հարցում:
«Ամեն դեպքում՝ դեռ թերահավատ եմ, որովհետև խոսակցություններ կան, բայց փորձում ենք ճշտել՝ հիմքեր կլինեն, թե չէ», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Մանուկյանը: - «Չէի ուզենա, որ գնան նախորդի սխալները կիրառելով: Կուզենայի, որ գոնե ընտրության պարագայում այն ժողովրդավարությունը, որը խոստացել են, իրոք պահպանեն»:
Դաշնակցական պատգամավորն արդեն խախտումներից է խոսում, ասաց՝ դեռ քարոզարշավը չմեկնարկած, որոշ ուժեր արդեն նախընտրական պաստառներ են փակցրել, միևնույն ժամանակ խոստացավ՝ Դաշնակցությունը օրենքի տառին համաձայն պահում է կարգը:
Դաշնակցությունը վարկանիշային 15 թեկնածու է առաջադրել Շիրակի մարզում: - «Չի լինելու քաղաքական պայքար, լինելու է անձնավորված, որովհետև մի հեղափոխական ալիք է, որտեղ որտեղ քաղաքական ծրագրերի պայքար չկա», - այս առնչությամբ նշեց Մանուկյանը:
«Լուսավոր Հայաստանը» Շիրակի մարզում վարկանիշային 11 թեկնածու է առաջադրել: Շատերի անուններն անծանոթ են․ վաղը ռեյտինգային թեկնածուներով են հավաքվելու, որպեսզի իրար ճանաչեն, ասաց թեկնածուներից Մկրտիչ Մկրտչյանը: Թեև ծնվել է Շիրակի մարզի Թորոս գյուղում, բայց ապրում ու աշխատում է Երևանում: Մասնագիտությամբ բժիշկ Մկրտչյանը կարծում է, որ հիմա թե՛ խորհրդարանը, թե՛ երկիրը բուժվելու կարիք ունեն:
Մկրտիչ Մկրտչյանը ասաց, որ կանեն հնարավորը առավելագույն ձայներ ունենալու համար: եկնածուն վստահ է, որ ընտրությունները կլինեն ազատ, արդար ու առանց ընտրակաշառքի․ - «Աննախադեպ ընտրություններ են լինելու․ զրոյական կարգավիճակ, զրոյական իրավիճակ է հիմա և մենք փորձելու ենք մաքսիմալ ձևով մեզ դրսևորել»: