«Ելք» դաշինքում Փաշինյանի երբեմնի դաշնակիցները իրենց տեսնում են ընդդիմադիրի կարգավիճակում, արհեստական կոալիցիաների անդամ չեն պատրաստվում լինել․ - «Առաջին միավորի հարցը լուծված է ըստ էության, հեղափոխությունը այդ խնդիրն արդեն լուծել է: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն, իշխանության հարցը լուծված է»:
Հաջորդ խորհրդարանում Հանրապետականը ևս հիմնական ընդդիմադիր ուժ լինելու հայտ է ներկայացնում: Նախկին իշխանական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե Փաշինյանին տարբեր ժամանակներում աջակցած ուժերը ընդդիմադիր չեն։
Մարուքյանը հակադարձեց՝ քննադատելով ընդդիմություն չեն դառնում: Նաև կանխատեսեց, թե ՀՀԿ-ն անցողիկ շեմը չի հաղթահարելու․ - «Սերժ Սարգսյանը հանդիսանում է Հանրապետական կուսակցության ղեկավարը, և ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն նման զգացողություններ, որ նա ընդդիմության առաջնորդն է: Դա մեկ: Եվ մյուսը՝ վերջին հաշվով ի՞նչ է ընդդիմությունը: Ընդդիմությունը դա ապագա իշխանությունն է: Ու ես էլի չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հանրապետական կուսակցությունը տեսնում են որպես ապագա իշխանություն»:
Մեկնաբանություններ կան, թե նախկին իշխանությունն ընտրությունները երկու դեմքով են մասնակցում՝ ՀՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի», և հարց է առաջանում, թե ինչպես են համոզելու ընտրողին, որ կապ չունեն Հանրապետականի հետ:
«Լուսավոր Հայաստանի» անդամներն ասում են, թե նման պնդում անողները փաստեր չեն ներկայացրել, որ «իրենց կուսակցության ներկայացուցիչները ծառայել են նախորդ ռեժիմին»:
Այս առնչությամբ Մարուքյանն ասաց․ - «Հայաստանում տրադիցիոն եղել ա հետևյալը․ եթե ուզում են մարդուն փչացնեն, իրան կապում են իշխանությանը: Հիմա էլ սկսել են կապել նոր իշխանությանը»:
Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով, «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետության» կազմած «Լույս» դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմը, ավագանու կազմում միայն օրենքի պահանջով հայտնվեց:
Մարուքյանի համար անցած ընտրությունները ուղեցույց չեն: Նա կարծում է, որ խորհրդարանականը ավագանու ընտրությունների հետ չի կարելի համեմատել։ Երևանյան ընտրությունը, ըստ նրա, գործող խորհրդարանը ցրելու քվեարկություն էր:
Իսկ արդյո՞ք ընտրողի համար քվեարկելիս կարող որոշիչ է լինել այն, որ «Լուսավոր Հայաստանը», չնայած Փաշինյանի հնչեցրած կոչերին, ապրիլյան իրադարձությունների ժամանակ այդպես էլ չմիացավ նրա նախաձեռնած փողոցային պայքարին:
Մարուքյանի արձագանքը․ - «Այն ընտրություններում դա որոշիչ չի եղել մեզ համար, այս ընտրություններում էլ չի լինելու որոշիչ, որովհետև հեղափոխական ձայները դրանք Նիկոլ Փաշինյանի ձայներն են: Դա ճիշտ է և դա լեգիտիմ է, և որևէ այլ ուժ չպիտի հավակնի էդ ձայներին՝ որևէ ֆորմատով, թեկուզ ասելով, որ հուշագիր ունենք ստորագրած իրար հետ»:
Մարուքյանը չշտապեց միանալ այս օրերին մասնավորապես Հանրապետականից հնչող քննադատություններին, թե քարոզարշավը չսկսած Փաշինյանի այցերը մարզեր վարչական ռեսուրսի չարաշահում է․ - «Ճիշտն ասած, ընդհանրապես չեմ հասցրել հետևել՝ ուր ա այցելել վարչապետի պաշտոնակատարը: Ես էլ մարզեր այցելել, ես «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակներ եմ բացել: Կարա մեկն էլ գտնի դրա մեջ ինչ-որ ռեսուրսի խախտում: Թող ամենամեծ խախտումը լինի մի օր շուտ ինչ-որ բաներ տեղադրելը: Թող զանգվածային փող չբաժանեն, մարդկանց չահաբեկեն, մարդկանց ազատ կամքի արտահայտության վրա որևէ կերպ չներգործեն: Թող ամենամեծ խախտումը ԵԱՀԿ դիտորդները արձանագրեն, որ ադմինիստրատիվ ավել հանդիպում ա արվել․․․»
Ընտրարշավի 12 օրերին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները փորձելու են լինել բոլոր մարզերում․ խոշոր քաղաքներից բացի, նաև ճանապահին եղած համայնքներում։ Ընտրարշավը կսկսեն Սյունիքի Ագարակ քաղաքից՝ «Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով։
Լրագրողների հետ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները այսօր հանդիպեցին նորակառույց Ալեքսանդր հյուրանոցում:
Հարցին, թե ինչու ընտրվեց ամենաթանկ հյուրանոցներից մեկը, Մարուքյանն արձագանքեց․ - «Էստեղ թանկ ա քնելը»: