Մատչելիության հղումներ

«Սաակաշվիլիի նոր հեղափոխությունը»․ նախագահի ընդդիմադիր թեկնածուն իշխող ուժին մեղադրել է կեղծ ձայնագրություն սարքելու մեջ


Վրաստանի նախագահի թեկնածուներ Գրիգոլ Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին
Վրաստանի նախագահի թեկնածուներ Գրիգոլ Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին

Ուկրաինական zdes.com.ua կայքը երեկ մի ձայնագրություն է տեղադրել, որտեղ անհայտ մարդը՝ ենթադրաբար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հեռախոսով խոսում է Վրաստանի նախագահական ընտրություններում միացյալ ընդդիմության թեկնածուի շտաբի պետ Գեորգի Վաշաձեի հետ և դժգոհություն հայտնում, որ նրանք «հեղափոխական տրամադրվածություն չունեն»: Ձայնագրությունը, որի իսկությունը անհայտ է, ուկրաինական կայքը վերնագրել է «Սաակաշվիլիի նոր հեղափոխությունը»:

Այսօր ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի իշխող ուժին մեղադրել է կեղծ ձայնագրություն սարքելու մեջ:

«Երեկ այսպես կոչված «Վրացական երազանքը» մեզ համար հրաշալի օրորոցային երգեց: Փոքր ժամանակ կրկեսում ես այդքան չէի ծիծաղել: Չգիտեմ ով է դա մոնտաժում, բայց այդ մարդկանց ցանկանում եմ ասել, որ մոնտաժի հատուկ կուրսեր կան, գնացեք երեք ամսով, որպեսզի մարդիկ ծիծաղից չմեռնեն», - ասել է Վաշաձեն:

Իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին ընդդիմությանն է մեղադրում իրեն վարկաբեկելու համար:

Նա հրաժարվել է հեռուստադեբատներ ունենալ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ, պատճառաբանելով, թե եվրոպական քարոզարշավի փոխարեն հակառակ ճամբարից իր հասցեին զրպարտություն, հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչում:

Գրիգոլ Վաշաձեն երեկ հայտարարել էր, թե պատրաստ է հեռուստաբանավեճի, գտնելով, որ թեկնածուների միջև ուղիղ դեբատները օգտակար կլինեն ընտրողների համար:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ընդդիմությունը և անկախ մամուլը հաղորդում են իշխանությունների պրկված ճիգերի մասին՝ ապահովելու իշխանական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը: Նրա օգտին ձայն տալու մեծ պաստառներ են հայտնվել Թբիլիսիի փողոցներում, բայց Իվանիշվիլիի դիմանկարով: Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը հայտարարել է 600 հազար քաղաքացիների բանկերին ունեցած պարտքերը փակելու մասին: Ընդդիմությունը սա գնահատել է, որպես աննախադեպ ընտրակաշառք, իսկ իշխանությունները արդարանում են, ասելով թե դա մասնավոր բարեգործական նախաձեռնություն է, կառավարությունը կապ չունի:

Ոչ կառավարական երեք կազմակերպություններ իշխանություններին նաև մեղադրել են հանցավոր գործողություն նախապատրաստելու մեջ: Նրանք հայտարարել են, որ իշխանությունները կեղծ անձնագրեր են պատրաստում, որոնք օգտագործվելու են Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին քվեարկելու համար: Արդարադատության նախարարն ասել է, թե այդ կազմակերպությունները «ստախոսության մեջ են բռնվել: Հակադարձելով նրան՝ «Միջազգային թրանսփերենսի․ Վրաստան» կազմակերպության ղեկավարն ասել է, թե զարմացած է արդարադատության նախարարի հայտարարությունից, քանի որ իրավապահները երեկվանից են սկսել ուսումնասիրել կեղծ անձնագրեր տպագրելու կասկածների քննությունը:

«Մենք հետաքննության ենք հանձնել մեր տրամադրության տակ եղած ամբողջ տեղեկատվությունը, միայն աղբյուրը չենք բացահայտել, նրա անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է «Միջազգային թրանսփերենսի. Վրաստան» կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրին, ընդգծելով, որ դատախազությունը երեկ է սկսել գործի քննությունը:

Նախընտրական լարվածությունը հասել է այն աստիճանի, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա Երկրորդը, ով ժողովրդի մոտ մեծ հեղինակություն ունի, այսօր Թբիլիսիում կայացած ժամերգության ընթացքում դիմել է նախագահական թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլիին և Գրիգոլ Վաշաձեին` կոչ անելով նրանց զերծ մնալ կրքերի անհարկի թեժացումից:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է նոյեմբերի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG