Մատչելիության հղումներ

Փաշինյանը կտրականապես հերքում է վարչական ռեսուրսը չարաշահելու մեղադրանքը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընդունում քաղաքական ուժերի այն մեղադրանքը, թե ինքը ժամանակից շուտ նախընտրական քարոզչությամբ է զբաղվում՝ չարաշահելով վարչական ռեսուրսը։

Հանրապետական կուսակցությունը օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ Փաշինյանն ակնհայտորեն զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, ինչը, նախկին իշխանության պնդմամբ, միջազգայնորեն ընդունված չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է:

Իշխանությունից հեռացած ուժի այս տեսակետն ավելի ուշ կիսել էր Դաշնակցությունը, իսկ «Մենք» դաշինքը մտահոգություն էր հայտնել։

Այս թեմայով լրագրողների հարցերին Փաշինյանն այսօր հարցով պատասխանեց՝ ի՞նչ անի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարը, սենյակից դուրս չգա՞․ - «Ցույց տվեք էդ միջազգային չափանիշները, հրապարակեք: Հարիք ա Հայաստանում խոսան ուղղակի առանց հիմնավորումների: Դուք ուզում ես ինձ արգելե՞ք, խախտո՞ւմ եմ ես նախընտրական քարոզչությունը․․․ Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը․․․ Միացյալ Նահանգների ընտրական օրենսգրքով խախտեցի՞․․․ Թող ներկայացնեն էդ չափանիշները»:

Հեղափոխության այս փուլն արժեվորելու ու Հայաստանի հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար վաղը Փաշինյանը բոլորին համաերևանյան երթի է հրավիրում։

Հարցին, թե ինչու հենց վաղը, այլ ոչ թե պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, կառավարության ղեկավարը պատասխանեց․ - «Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ ա որևէ օր որևէ երթ անելու համար․․․ Իսկ ամսի 17-ին որ հանրահավաք էինք անում, էդ ժամանակ խախտո՞ւմ էինք, թե՞ չէինք խախտում: Կամ որ գնացել եմ Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ․․․ Հիմա էլ հարյուրորերորդ օրը աշխատում եմ, ի՞նչ խնդիր կա»:

Մինչ քաղաքական ուժերը քննարկում են վարչական ռեսուրս չարաշահել-չչարաշահելու հարցը՝ հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ պարզաբանելով, որ մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ նորմի խախտում առկա չէ:

Վարչապետի պաշտոնակատարին լրագրողները նաև հարցրեցին, թե քանի տոկոս է հավակնում հավաքել իր գլխավորած «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 9-ին։ Փաշինյանը կատակեց՝ կա սոցիոլագիական հարցում, բայց արդյո՞ք դրա հրապարակումն այս պահին վարչական ռեսուրսի չարաշահում չէ․ - «Տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ Հանրապետականը ասելու ա, որ վարչական ռեսուրսը չարաշահվել ա: Ով կմիանա նրանց՝ ազատ են բոլորը, կարող են միանալ»:

Ըստ Փաշինյանի, թե որ կուսակցությունը կգա իշխանության, իսկ որ մեկը կստանձնի ընդդիմության դերը՝ կորոշի ժողովուրդը: Այնուհետև հայտարարեց, որ եթե անգամ մի օր չլինեն իշխանության, նույն ժպիտով կքայլեն Երևանի փողոցներում և, հարկ եղած դեպքում, քարոզչություն կանեն։

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախընտրական քարոզչության շրջանում արձակուրդ չի գնալու։

Ինչ վերաբերում է քարոզչության մեկնարկին, ապա «Իմ քայլը» դաշինքը այն սկսելու է Շիրակի մարզից։

«Մեր փորձը ցույց է տալիս՝ ինչ սկսվում է Գյումրիից հաջողությամբ է ավարտվում, բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ սկսել Գյումրիից», - խոսքը եզրափակեց գործադիրի ղեկավարը։

Հեղափոխությամբ ավարտված քայլարշավը մարտի 30-ին Փաշինյանը հենց Գյումրիից էր սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG