Եթե «Իմ Քայլը» դաշինքը ստանա վստահության բավարար քվե, Մարիա Կարապետյանը քաղաքացիական պայքարի հարթակից կտեղափոխվի խորհրդարանական հարթակ:
Մարիան իշխանական դաշինքի ընտրական ցուցակի նոր դեմքերից է: Ցուցակում 17-րդն է, չորրորդ կին թեկնածուն:
«Ռեժիմի պայմաններում շատ քչերս կարող էինք երբևիցե պատկերացնել, որ կարող ենք մասնակցել մեր երկրի կառավարմանը: Միայն այժմ է, ես կարծում եմ, որ Հայաստանում իսկապես այնպիսի մի ժողովրդավարական բեկում է ստեղծվել, որ հնարավորություն է տրվել այն բոլոր մարդկանց, ովքեր իրապես կարող են ներդրում ունենալ այս երկրի կառավարման և զարգացման մեջ, օգտվել այդ հնարավորությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Մարիայի մուտքը քաղաքականություն սկսվեց այս տարվա մարտից՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունից, որն ապրիլի 13-ից միացավ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քայլ արա» շարժմանը: Մասնագիտությամբ կոնֆլիկտաբան Մարիան դեմ է Ազգային ժողովում կտրուկ սերնդափոխությանը․ - «Նախ, ես կուզենամ, որպեսզի մեր հասարակության բոլոր խմբերը իրենց ներկայացված զգան Ազգային ժողովում: Եվ իսկապես այնտեղ երիտասարդ դեմք և ձայն ցանկացողները տեսնեն դա, ավելի փորձառու դեմք և ձայն տեսնել ցանկացողները տեսնեն դա»:
30-ամյա թեկնածուն կպայքարի նաև ռեյտինգային ընտրակարգով: Երևանում է ապրում, բայց Արարատի մարզում է առաջադրվել:
Աննա Կոստանյանը «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակի առաջին տասնյակում է: Ցուցակի 3-րդ կին թեկնածուն է: Այս կուսակցությունում է հիմնադրման օրվանից:
«Ազատության» հետ զրույցում նա խոստովանեց, որ հասարակական ակտիվությամբ աչքի չի ընկել․ - «Ես չեմ կարող ինձ համարել հասարակական շատ ակտիվ դեմք, որը թե՛ մասնակցել է փողոցային պայքարին, թե՛ նախաձեռնություններ է արել հանրային տեսանկյունից, բայց համարում եմ, որ ունեմ այս ներուժը, որպեսզի Ազգային ժողովից հենց այդ խնդիրները բարձրացնեմ»:
Մասնագիտությամբ լեզվաբան Աննան ասում է, թե օրենսդիր աշխատանքով հետաքրքրված է վաղուց: Ազգային ժողովում անելիք շատ ունի: Ըստ նրա, կան ոլորտներ, որոնց պատգամավորները պատշաճ ուշադրություն չեն դարձրել․ - «Օրինակ, մշակույթի և արվեստի ոլորտում: Մշակութային գործիչները չլսված են, նրանց խնդիրները բազմաթիվ են, այդ խնդիրները մոտ երեսուն տարի մնացել են անլուծելի»:
31-ամյա թեկնածուն քննադատությունը հեշտ չի ընդունում, բայց ընտրվելու դեպքում խոստանում է հաշտվել դրա հետ: Նա հնարավորությունները փորձելու է նաև տարածքային ցուցակով: Առաջադրվել է 2-րդ՝ Արաբկիրը, Աջափնյակն ու Դավիթաշենը ընդգրկող ընտրատարածքում:
Անժելա Խաչատրյանը «Մենք» դաշինքի առաջին եռյակի կին թեկնածուն է: Կուսակցական գործունեության փորձ ունի, դաշինքի անդամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահն է:
Նա կարծում է, որ հետհեղափոխական խորհրդարանը թարմության կարիք ունի․ - «Երբ որ խոսում ենք կանանց ներկայացվածության մասին խորհրդարանում, արևմտյան արժեհամակարգում շատ է խոսվում, որ դա մշակույթի փոփոխություն է բերում: Կան նաև հետազոտություններ, որ այն երկրների խորհրդարաններում, որտեղ կանանց ներկայացվածությունը բարձր է, կոնֆլիկտները շատ քիչ են լինում»:
30-ամյա Անժելան մասնագիտությամբ լրագրող է, ասում է, թե դա պատգամավորական գործունեությանը միայն կօգնի:
Անժելան նույնպես չի խուսափել ռեյտինգային ընտրապայքարից: Առաջադրվել է առաջին ընտրատարածքում․ - «Կարծում եմ, եկել է ժամանակը Հայաստանում, որ ընտրեն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց հնչեցրած մտքերը նաև գործի վերածել»:
«Սասնա ծռեր»-ի պատվավոր քառյակում է մասնագիտությամբ լրագրող Հերմինե Մկրտչյանը․ - «Խորհրդարան տանելու եմ թարմություն, ամենակարևորը՝ սկզբքունքայնություն»:
Քաղաքականության մեջ նորեկ է, բայց «Ծռերի» գաղափարախոսության հին համակիրներից է․ - «Ինձ հիմա հարցնում են՝ դու չե՞ս վախենում, «Սասնա ծռերի» հետ ես: Ի՞նչ ունեմ ես վախենալու: Հակառակը՝ ես հպարտ եմ, որ ճանապարհ եմ անցնում մարդկանց հետ, ովքեր պայքարում են հայրենիքի, սահմանների ամրության համար, որպեսզի մեկ միլիմետր հանկարծ չխախտվի»:
Հերմինե Մկրտչյանը դժվարանում է ասել, թե ինչպես կվարվի, եթե «Ծռերը» կրկին զինված ապստամբություն ծրագրեն:
Առայժմ մի հարցում է վստահ՝ հետհեղափոխական Հայաստանում ապստամբությունը անզեն է լինելու․ - «Իսկ ապստամբ լինելը վա՞տ է: Արդեն հայտարարվել է, որ զինված պայքարի էջը փակված է, և այժմ նման մտադրությունը բացարձակապես չկա»:
Նա կպայքարի նաև ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվել է Շիրակի ընտրատարածքում: