Անկարան քննադատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի (նաև՝ Հաշոգի) սպանության հարցում:
«Թուրքիայի համար էլ Սաուդյան Արաբիան կարևոր երկիր է, մենք լավ հարաբերություններ ունենք, բայց «ինչ էլ պատահի, աչքերս կփակեմ» Թրամփի մոտեցումը սխալ է, ամեն բան չէ, որ փողով է որոշվում», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Turk հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Նա համոզված է, որ Խաշոգջիի սպանությունը ոչ թե ինչ-որ հանգամանքների պատահական զուգադիպության արդյունք էր, այլ նախապես ու մանրամասն ծրագրված գործողություն:
Չավուշօղլուի համոզմամբ, սպանության լիակատար բացահայտմանը կնպաստի միջագային հետաքննությունը, քանի որ սաուդցիները թուրքական կողմին ոչ մի տեղեկություն չեն փոխանցում:
Երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքն ընդամենը հավատարիմ է մնում «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսին, քանի որ շահավետ պայմանագրերի չեղարկման դեպքում Սաուդյան Արաբիան զենք կգնի ուրիշ արտադրողներից, իսկ նավթի գինն աննախադեպ թռիչք կգրանցի:
«Նրանք հարյուր միլիարդավոր դոլարների ապրանք են գնում մեր երկրից: Եթե ես հրաժարվեմ այդ բիզնեսից, նրանք զենք ու զինամթերք կգնեն Ռուսաստանից ու Չինաստանից, և ռուսներն ու չինացիները միայն երջանիկ կլինեն մեր ու Սաուդյան Արաբիայի առևտրի սահմանափակումից, քանի որ հենց հիմա մենք առևտրում շատ պինդ ենք Չինաստանի և Ռուսաստանի համեմատությամբ», - ասել է Թրամփը:
Ուստի Միացյալ Նահանգները, ըստ նախագահի, կմնա Սաուդյան Արաբիայի վստահելի գործընկերը:
Միաժամանակ, նա նկատել է տվել, որ «Խաշոգջիի սպանության գործում կան հարցեր, որոնց պատասխանները գուցե երբեք չեն տրվի»:
Թրամփն ասել է, թե պատրաստ է քննարկել Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ Կոնգրեսի առաջարկած հնարավոր պատժամիջոցները, պայմանով, որ դրանք վնաս չեն հասցնի Ամերիկայի շահերին:
Մինչդեռ սաուդցիները փորձում են հնարավորինս վերականգնել Խաշոգջիի սպանության հետևանքով միջազգային ասպարեզում աննախադեպ անկում գրանցած վարկանիշը և մեղմել հարաբերություններն այլ երկրների հետ:
Չավուշօղլուն այսօր ասել է, որ թագաժառանգ Մուհամադ Բին Սալմանը, ով, ըստ թուրք և ամերիկացի փորձագետների, լրագրողի սպանության առավել հավանական պատվիրատուն է, ցանկանում է նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրուցել Արգենտինայում, որտեղ առաջիկայում նախատեսված է Մեծ քսանյակի հավաքը:
«Թագաժառանգը նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ կցանկանար նրա հետ հանդիպել Բուենոս Այրեսում, ոչինչ չի կարող խոչընդոտել նման շփումները, բայց, իհարկե, վերջին խոսքը նախագահինն է», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Խաշոգջին սպանվել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածքում: Ենթադրվում է, որ սպանությունը պատվիրել է թագաժառանգը կամ նրան մոտ կանգնած մեկը: Սաուդյան Արաբիան հերքում է մեղադրանքը և պնդում, որ լրագրողին սպանել են իշխանության հետ կապերը խզած մարդիկ: