Հայկական ամենահին թատրոններից մեկը՝ Գավառի թատրոնը հիմնադրվել է 1895 թվականին, 1935 թվականին պետական թատրոնի կարգավիճակ է ստացել: Արդեն 1990-ականներից թատրոնի շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, 2011 թվականից սկսվեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի հիմնանորոգումը, և ահա օրերս տեղի ունեցավ թատրոնի պաշտոնական բացումը:
Թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ ամբողջովին հիմնանորոգված թատրոնն այս երեկո առաջին անգամ հանդիսատեսի առջև կբացի դռները Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի բեմադրությամբ:
«Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին: 2017 թվականի ընթացքում կահավորել ենք, և շենքը պատրաստ է բացման», - հավելեց նա:
Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն ունի 14 հոգուց բաղկացած թատերախումբը, որը, սակայն, Ղափանցյանի խոսքով, հիմնանորոգման այս 7 տարիների ընթացքում ստեղծագործական պարապուրդի չի մատնվել․ - «2011 թվականից մինչև շինարարության ավարտը երբևիցե թատրոնը իր գործունեությունը չի դադարեցրել: Նույնիսկ մեզ կոչում էին «թատրոն անիվների վրա»: Շրջում էինք ամբողջ մարզում ներկայացումներով: Մեր քաղաքապետը՝ Գուրգեն Մարտիրոսյանը, տրամադրել էր նախկին դպրոցի որոշ տարածք այդ ընթացքում: Այդտեղ մենք ստեղծել էինք մեր փոքրիկ մինի-թատրոնը և բազմաթիվ ներկայացումներով հանդես ենք եկել մարզում»:
Հայկ Ղափանցյանը հպարտությամբ է շեշտում, որ Գավառի թատրոնը մեկ դարից ավել պատմություն ունի․ - «Դա փաստում են այն ազդագրերը, որոնք պահպանված են էսօր մեր Գավառի երկրագիտական թանգարանում և մեր արխիվում: Բեմադրվել է Րաֆֆու «Սամվել» պատմական ողբերգությունը 1895 թվականի ապրիլի 9-ին քաղաքի Հայոց ուսումնարանի դահլիճում: Այո, ամենահին թատրոններից մեկն է, որն ունի 135 տարվա պատմություն»:
Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա, ըստ Հայկ Ղափանցյանի, շենքի հիմնանորոգման տարիներին սկզբում
հանդիսատեսի հետ կապված խնդիրներ ունեցել են․ - «Դժվարությամբ էինք դահլիճ լցնում: Բայց աշխատանքներ տանում էինք այդ ուղղությամբ, և հանդիսատեսը սիրեց մեր ներկայացումներն ու սկսեց հաճախել: Անհամբեր հանդիսատեսը սպասում է մեր շենքի բացմանը: Հուսով ենք, որ կունենանք լեփ-լեցուն դահլիճներ: Շենքը ինքնին հետաքրքրություն առաջացրեց ժողովրդի մեջ, և ունենք հիմա խաղացանկում ութ ներկայացում»:
Արդեն նոր ներկայացումներ են նախապատրաստում, աշխատանքային փուլում է ամանորյա մանկական ներկայացումը: Առհասարակ մտադիր են հանդիսատեսին շաբաթը երկու անգամ ներկայացումներ մատուցել հան: Նաև, տնօրենի փոխանցմամբ, ցանկություն ունեն իրենց բեմադրությունները մայրաքաղաքային հանդիսատեսին ներկայացնել․ - «Մեր թատրոնի հեղինակությունը բարձրացնելու համար, շատ ենք ուզում, որ Երևանի թատրոններում էլ դահլիճ տրամադրեն և իրենց խաղացանկում ընդգրկեն նաև մեզ»:
Մշակույթի նախարարը աջակցություն է խոստացել այս հարցում, իրենք էլ նախապատրաստվում են հյուրընկալել մայրաքաղաքային թատրոններին՝ մարզի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով․ - «Թատերական շաբաթ ենք ունենալու հաջորդ տարի, հրավիրվելու են մայրաքաղաքի և մնացած մարզերի թատրոններից, փառատոն ենք անկացնելու: Դրա համար մեզ շատ աջակցել է Մշակույթի նախարարը»: