Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարեց նախարարություններից 5-ի հավանական կրճատման մասին


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Խորհրդարանական ընտրություններից հետո սպասում է կառավարության կազմի փոփոխություն. 17 նախարարություններից 5-ի հավանական կրճատման մասին վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություն է տեղի ունենալու և այդպիսով նաև նախարարների գործառութային իմաստով փոփոխություններ են տեղի ունենալու, որովհետև ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը», - մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Կառավարության գործող կառուցվածքի մասին օրենքին կողմ քվեարկած պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի բացառում, որ կառուցվածքի փոփոխությունը կարող է ավելի արդյունավետ կառավարման հնարավորություն ստեղծել։ Այդուհանդերձ, պատգամավորը այստեղ խնդիր է տեսնում․ - «Կառավարությունը մինչև այսօր որևէ աշխատատեղ չի ստեղծել, ընդհակառակը՝ կրճատումներ կան: Ընդ որում, կառավարության «դուխը» էնքան բարձր է, որ ընտրություններից առաջ հայտարարում է, որ 150 հազար աշխատատեղ պիտի կրճատվի»:

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը շեշտում է՝ խոսքը ոչ թե օպտիմալացման, այլ արդյունավետ կառավարման մասին է։ Նախագիծը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2019 թվականի առաջին եռամսյակին։ Փոփոխություննեըը միայն նախարարությունների մակարդակով չեն լինելու, ուսումնասիրվում են կոմիտեների, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների աշխատանքները: Արտակ Մանուկյանը սա որակում է ոչ պոպուլյար, բայց անհրաժեշտ քայլ, որը կարող է անել միայն մեծ վստահություն ունեցող կառավարությունը։ Այս պահին չկա հաշվարկ , թե փոփոխությունների հետևանքով քանի աշխատակից գործազուրկ կմնա, բայց պետությունը իր սոցիալական պատասխանատվության շրջանակում նրանց համար այլընտրանք պետք է ստեղծի ասում է Մանուկյանը․ - «Ըստ էության, պետք է նաև աշխատանքներ տարվեն, որպեսզի այս սոցիալական պատասխանատվության գործառույթը հնարավորինս կյանքի կոչվի և նա ունենա այլընտրանք՝ ինչպես որոշակի ժամանակ, այնպես էլ գիտելիքներ, որպեսզի դա առավելագույնս օգտագործի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համակարգում: Այսինքն, նրան հնարավորություն ընձեռվի այս երկու համակարգերի միջև որոշակի սահուն անցում կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG