Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, նախնական տվյալներով, հանգանակվել է 11 միլիոն 109 հազար 633 դոլար:
Նախնական տվյաներով, այս տարի հանգանակվել է 1,5 միլիոն դոլարով քիչ գումար, քան նախորդ տարի։
Վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը վարչապետի ֆոնդից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:
«Ազատության» հարցին ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանգանակված գումարի չափին․ - «Ինձ ասում էին, որ ավելի շատ է հանգանակվել․․․ Անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը: Մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անելիքը, բարեփոխումները և կգանք ինչ-որ ընդհանուր հայտարարի»:
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի կառավարության օրոք մեծ գումարներ նվիրաբերող գործարարներն այս տարի կատարել են նվիրատվություններ, Փաշինյանն արձագանքեց․ - «Ես տեղյակ չեմ: Ես ինչո՞ւ պետք է տեղյակ լինեմ»:
Վարչապետի պաշտոնակատարը չբացառեց, որ հանգանակության վրա ազդեցություն է ունեցել «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի հետ կապված քրեական գործը:
Հիմնադրամը հաղորդում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանգանակել է մոտ 10 մլն դրամ՝ աշխատակիցների անձնական միջոցներից։ Այս գումարից զատ, իր մեկ ամսվա աշխատավարձն է նվիրաբերել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռևս տվյալներ չունեն Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակներից․ - «Ակնկալիքներ ունենք: Նախատեսված են նաև այդ շրջանակներից փոխանցումներ, որ կարծում եմ, որ թիվը բավականին մեծ կլինի: Դրա համար մեր հավաքագրվածի չափը ասում ենք, որ շատ նախնական է ու հաստատ կաճի»:
Հարցին, թե ռուսաստանյան գործարար Սամվել Կարապետյանի կողմից նվիրատվության մասին ինչ տեղեկություն ունեն, Մարտիրոսյանը պատասխանեց, որ Սամվել Կարապետյանից նվիրատվություն դեռևս չեն ստացել։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակից Կարեն Կարապետյանի մեծահարուստ եղբայրը հիմնադրամի պատվո անդամներից է և օրինակ 2017-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար գումար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տվյալներով, այս պահին հայտնի է, որ հայաստանյան գործարարներից գումար հանգանակել են նախկին իշխանության ցուցակով պատգամավոր դարձած գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը» և «Գրանդ հոլդինգի» սեփականատերեր Միքայել ու Կարեն Վարդանյանները։
«Հայաստանի մեծ բարերարներից էլ կարող եմ նշել․ «Ալեքս հոլդինգը» փոխանցել է 200 հազար ԱՄՆ դոլար, Կարեն և Միքայել Վարդանյանները՝ 60 միլիոն դրամ», - ասաց Անուշ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ այս տարվա հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատվությունը մի անանուն բարերար է կատարել՝ փոխանցելով 2,5 միլիոն դոլար։
Հիմնադրամի մամուլի խոսնակը նշեց, որ այս տարի բավականին ակտիվ է եղել իրանահայ համայնքը․ - «Ունենք խոշոր նվիրատվություններ այս տարի Իրանից՝ 1 միլիոն 340 հազար դոլարի չափով, Հենրիկ Տեր-Ղուկասյանն է, մեր լավ բարերարներից մեկը՝ Անդրանիկ Բաղդասարյանը ևս այս տարի 1 միլիոն դոլար է նվիրաբերել: Ալբեր Բոյաջյանը ԱՄՆ-ից 1 միլիոն դոլար է նվիրաբերել, և արցախահայությունը՝ 1 միլիոն դոլար»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Առաջին ծրագիրը կուղղվի Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացմանը, երկրորդը՝ արևային էներգիայի կիրառմանը։
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018»-ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին։
Իշխանափոխությունից հետո հիմնադրամը 9 տարի ղեկավարած Արա Վարդանյանը հրաժարական տվեց տնօրենի պաշտոնից՝ հայտարարելով, թե իր հետագա պաշտոնավարումը կվնասի կառույցի հեղինակությանը:
Մինչև պաշտոնից հրաժարվելը՝ հուլիսի 3-ին, ԱԱԾ-ն նրան ձերբակալել էր, ապա մեղադրանք առաջադրել յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Հուլիսի 5-ին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը վերադարձրել էր հիմնադրամի հաշվեհամարին: