Մատչելիության հղումներ

Տնտեսության համար կարևորն օրինականությունն է. Նիկոլ Փաշինյան


Տնտեսության համար կարևորն օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, արդարության միջավայրի ձևավորում է, այսօր Տնտեսական գիտաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ հաջորդ խնդիրը, որին բախվել են, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է։

«Հաջորդ խնդիրը, որ մենք բախվել ենք և արձանագրել ենք՝ պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է, և մենք դա ձևակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որին անխուսափելիորեն 2019-ի ընթացքում անդրադառնալու ենք։ Հույս ունեմ ընտրություններում մենք կստանանք վստահության քվե, և դրանից հետո անպայման այդ թեմային մենք անդրադառնալու ենք», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ այսօր ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծումն ու պատասխանատվությունը ստանձնի ոչ միայն կառավարությունն, այլև հանրային տարբեր շերտերը։

«Մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման և նոր բաժնեմաս գնելու և էս կարգի բաների հետ կապված, իրենք հարկ են համարել, որ պետք է գան, հասնեն, տեսնեն վարչապետը կո՞ղմ է դրան, թե՞ դեմ է, թույլ տալի՞ս է, թե՞ թույլ չի տալիս։ Չորս հոգի ուզում է այդ բաժնեմասը ձեռք բերի, էդ չորսից ինքն ո՞ւմ վաճառի։ Սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց սա մեր իրականությունն է եղել, և այսօր մեր գաղափարախոսությունը դա է, որ այսօր ստեղծվել են հնարավորություններ, որ խնդիրների լուծման դերակատարումն ու պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլև լինի հանրային տարբեր շերտերինը։ Անհատական ջանքը մեզ համար առանցքային է՝ հանրային բոլոր խնդիրների լուծման համար», - ասաց Փաշինյանը։

«Գործարարության նկատմամբ հիմնականում ձևավորվել է վատ վերաբերմունք»

Անդրադառնալով գործարարներին վարչապետն ընդգծեց՝ երկար ժամանակ գործարարության նկատմամբ հիմնականում ձևավորվել է վատ վերաբերմունք։

«Ի՞նչն է եղել պատճառը, որովհետև անընդհատ նրանք ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, և իշխանությունը շահագրգռված է եղել՝ նրանց քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու համար։ Քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է, բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի գործարարի գնահատականը և գործարարի համարումը մեր երկրում նսեմացնելու պրոցես։ Ընդհակառակը՝ հակառակ պրոցեսն է, կարծում եմ, որ այս պրոցեսի արդյունքում գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ գործարարը պետական եկամուտների լոկոմոտիվը քաշողն է։

«Գործարարն այն մարդն է, ով ստեղծում է արդյունք, ով ստեղծում է աշխատատեղեր, ով քաշում է պետական եկամուտների լոկոմոտիվն առաջ և որի գործողության արդյունքում մենք բոլորս շանս ենք ստանում ձևավորել այն հարթակը, որ դեռ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական և միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր միջավայրում», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթի գաղափարը։

«Մենք ներգաղթը նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն, այստեղ մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով նկատի կունենանք՝ իրականության մեջ կտեսնենք նաև կապիտալի ներգաթ, կտեսնենք նաև նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետև մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք, և գաղափարը, որը ինձ, անկեղծ ասած, շատ դուր է գալիս, հետևյալն է՝ ես պատկերացնում եմ, որ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, որտեղ մարդիկ գան՝ ամեն մեկն իր հետ բերելով նոր մշակույթ, նոր ըմբռնում, նոր միտք, նոր հայացք, և եթե այսպես ձևակերպենք, մենք այդ պրոցեսի արդյունքում պետք է ունենանք հազարամյա, բայց նորածին և վերածնված մի ժողովուրդ», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG