Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ


ԱԱԾ հայտնաբերած կեղծ թղթադրամները
ԱԱԾ հայտնաբերած կեղծ թղթադրամները

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ։

Ըստ հաղորդագրության, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարն՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:

«ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները՝ օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում և ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ և այլ պարագաներ: Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաև շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված և փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար», - ասված է հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, կատարվել են ձերբակալություններ:

«Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG