Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է ստեղծվել։
Ըստ ՄԻՊ գրասենյակի, խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները:
«Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Խումբը նաև պատասխանատու է լինելու իրավական խորհրդատվությունների, քաղաքացիների ընդունելությունների և արագ արձագանքման այցերի համար», - ասված է հաղորդագրությունում:
ՄԻՊ գրասենյակը նշում է, որ աշխատանքային խմբի առաջնային խնդիրներից է ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:
Խումբը նաև կհամագործակցի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ:
«Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները», - ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։