Մատչելիության հղումներ

«Փաշինյանն իր ելույթներում նախընտրական ուղերձներ չի հղել»․ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար


Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը քարոզչություն չի համարում։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Մխիթարյանը պնդեց՝ Փաշինյանն իր ելույթներում նախընտրական ուղերձներ չի հղել։

«Ազատություն». - Մի քանի ուժեր առնվազն հայտարարել են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը սովորական քարոզչություն են՝ զուգորդված վարչական լծակի կիրառմամբ։ Նա, հիշեցնենք, Գեղարքունիքում է եղել, Արագածոտնի մարզում է եղել։

Մխիթար Հայրապետյան. - Ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում, ամեն դեպքում, նախընտրական ուղերձներ չի հղել, նա հանդես է եկել որպես վարչապետի պաշտոնակատար։ Եթե կհիշեք, Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ էլ նմանատիպ մտահոգություն ունեին, սակայն մեկ սանտիմետր օրենքից վարչապետը չի շեղվել։

«Ազատություն». - Այնուամենայնիվ ինքը մեծ ուշադրություն է գրավում, մարդկանց հավաքում է հրապարակում, լրատվամիջոցներն էլ ուզած, թե չուզած դա լուսաբանում են։

Հայրապետյան. - Մենք ունենք իրականություն, որ երկրի ղեկավարը մեծ ժողովրդականություն է վայելում, սա իրողություն է, պետք է հաշվի նստել։ Սրան շատ նորմալ եմ նայում։

«Ազատություն». - Շաբաթ օրն ինչո՞ւ եք երթ անում։

Հայրապետյան. - Նույն նպատակով, այսինքն՝ նախընտրական բնույթ չի կրում։ Վարչապետը որոշել է երթ անել։

«Ազատություն». - Արտառոց չէ՞ բացատրությունը, որ «կարոտել եմ ձեզ, եկեք հանդիպենք, երթ անենք»՝ քարոզչությունից երկու օր առաջ։

Հայրապետյան. - Ո՛չ, ես հավատում եմ վարչապետի անկեղծությանը։

«Ազատություն». - Սա չի՞ կարող դիտարկվել որպես քարոզչություն, երբ առավոտից երևանյան կենտրոնական, նաև արվարձանային փողոցները փակվելու են։

Հայրապետյան. - Քավ լիցի, ո՛չ, երկրի վարչապետը, որն ի տարբերություն նախկին երկրի ղեկավարների, ովքեր, ըստ էության, հիմնականում զերծ էին մնում ժողովրդի հետ մեծ հավաքներից և հանդիպումներից՝ հիմնականում կուլիսային գործունեություն ծավալելով․․․ Ես ինքս էլ հասկանում եմ Ձեր հարցը, մտահոգությունը, սա որոշակի զարմանալի բան է, նոր իրողություն է մեր կյանքում, սակայն, իհարկե, նախընտրական բնույթ չի կրում։

«Ազատություն». - Ուղերձը ո՞րն է, պարոն Հայրապետյան, ինչո՞ւ է քայլում Երևանում։

Հայրապետյան. - Վարչապետն իր խոսքում ամեն բան ասել է, ավելին չեմ կարող ասել։

«Ազատություն». - Եթե նախորդ իշխանության օրոք ցուցակի առաջին համար Սերժ Սարգսյանը կամ Վիգեն Սարգսյանը քարոզարշավից օրեր առաջ համակիրներին փողոց հաներ երթի, ինչպե՞ս կգնահատեիք այդ երևույթը։

Հայրապետյան. - Նորմալ։

«Ազատություն». - Չէի՞ք ասի, որ վարչական լծակ է կիրառում։

Հայրապետյան. - Ո՛չ, իհարկե ո՛չ, եթե կարողանային հանել առանց վարչական ռեսուրսի օգտագործման, առանց գումարի և նմանատիպ մեխանիզմների, ապա, իհարկե, որևէ խնդիր չէր լինի։ Նրանք նախկինում երբեք չեն կարողացել առանց որևէ այլ զարտուղի ճանապարհների մեծ զանգվածներ ապահովել, և այս պարագայում, եթե դուք որևէ ահազանգ ստանաք որևէ գերատեսչությունից՝ ասենք Սփյուռքի նախարարությունից, որ ես կոչ եմ արել շաբաթ օրը գալ, մեզ հետ քայլել, ես պատրաստ եմ միանգամից հրաժեշտ տալ իմ քաղաքական կարիերային։

«Ազատություն». - Իսկ համոզիչ չէ՞, որ իրենք են իրական, միակ ընդդիմությունը, որովհետև մյուսները ժամանակին հիմնականում ձեզ հետ համագործակցել են։

Հայրապետյան. - Ես կհամարձակվեմ այսպիսի բան ասել՝ չեմ խոսում քաղաքական թիմի անունից, սուբյեկտիվ իմ կարծիքով՝ ես դեմ չէի լինի, որ նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը ներկայացված լիներ, եթե ժողովուրդը ճիշտ համարի դա, և ինչպես, օրինակ, նույն «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ մեկտեղ, սա ինձ համար շատ ընդունելի տարբերակ կլիներ, նաև որոշակիորեն իշխանությանը փոխզսպող որպես։ Հանրապետական կուսակցության ներսում նայելով ցուցակին՝ հիմնականում մինչև 8-9-րդ համարներին, իհարկե, կան այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր կարող են, այսպես, ներվի վրա պահել կառավարությանը մշտապես և որոշակի փոխզսպող գործառույթներ կատարել: Ինչ վերաբերում է «Քաղաքացու որոշում» կուսակցությանը, այնտեղ բավականին լուսավոր դեմքեր են։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG