Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումն օրեցօր ակտիվանում է: Ուրվագծվող և հզորացող դաշինքն էապես ազդում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի իրավիճակի վրա և փոխում է քաղաքական քարտեզը:
Neue Zuercher Zeitung պարբերականի փոխանցմամբ, «Թուրքական հոսք»-ը ոչ միայն գազատար է, այլև փոխադարձ շահերը պաշտպանելու Անկարայի և Մոսկվայի քաղաքականության խորհրդանիշը:
«Թուրքիան դառնում է Եվրոպա ռուսական գազի տարանցման կենտրոն», - գրում է Neue Zuercher Zeitung-ի վերլուծաբան Անդրեաս Էրնստը:
Ռուսները գազատարը Սև ծովի հատակով անցկացրել են ավելի արագ, քան ենթադրում էին մասնագետները:
Այդ գազատարով փոխարինվել է Եվրամիության կողմից արգելափակված «Հարավային հոսք» նախագիծը:
«Թուրքական հոսք»-ով բնական վառելիքը կհասնի Եվրոպական միության սահմաններ, և դրանից հետո եվրոպացիները պետք է որոշեն գազը ստանալու հարցը:
Էրնստի փոխանցմամբ, կան հաղորդագրություններ այն մասին, որ «Գազպրոմ»-ն արդեն բանակցություններ է վարում Հունաստանի և Իտալիայի հետ:
«Թուրքիայի համար այդ գազատարը բաղձալի երազանք էր: Չնայած երկրում առկա տնտեսական ճգնաժամին՝ գազի սպառումն աճում է, սակայն թուրքերը ցանկանում են ոչ միայն ստանալ, այլև իրենց տարածքով դուրս փոխադրել վառելիքը: Նախագահ Ռեջեփ Էրդողանի համար շատ կարևոր է Թուրքիան գազի տարանցման պետություն դարձնելը», - համոզված է Neue Zuercher Zeitung-ի վերլուծաբանը:
Իսկ ո՞րն է այդ դեպքում ռուսների քաղաքական շահը: Տնտեսականը հասկանալի է՝ վաճառել վառելիքը:
Քաղաքական նպատակն էլ Կիևի դիրքերի թուլացումն է, քանի որ այսօրվա դրությամբ, չնայած Ղրիմի բռնակցմանը և Դոնբասի շարունակվող հակամարտությանը, ռուսական գազի զգալի ծավալն Ուկրաինայի տարածքով է փոխադրվում Եվրոպա:
«Թուրքական հոսք»-ից զատ, ռուսները նաև ցանկանում են մասնակցել Թուրքիայում միջուկային էներգետիկայի ծրագրերին և, մասնավորապես, կառուցել «Ակկույու» ատոմակայանը:
Դե իսկ ռազմական ասպարեզում համագործակցության խոշոր նվաճումը С-400 (S-400) տեսակի հակահրթիռային կայանքները վաճառելու գործարքն է, որը մեծ մտահոգությամբ են ընդունում և՛ Միացյալ Նահանգներում, և՛ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներում:
Ֆրանսիայում հրատարակվող L'Express պարբերականի մեկնաբան Քրիստիան Մակարյանը նշում է Պուտինին և Էրդողանին միավորող հանգամանքները:
«Ավտորիտարիզմի գերիշխումը ոչ ազատական ռեժիմների հիմքն է, Ռուսաստանն ու Թուրքիան ունեն խորը տարաձայնություններ, սակայն այդ երկու ղեկավարները ամրապնդում են 21-րդ դարի ամենացինիկ դաշինքներից մեկը», - գրել է L'Express-ի մեկնաբանը: