Թեև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր վաղ սկսած հանրահավաքներն ու սպասվող երթը դիտարկում է աշխատանքային, ինչը օրենքը չի արգելում, բայց Արամ Սարգսյանը համոզված է, որ Փաշինյանն ու իր թիմը իրենց հոգու խորքում գիտակցում են, որ դա նախընտրական քարոզարշավի նպատակով է արվում:
«Այս այցելություները, ինչ որ արվում են՝ անկախ նրանից, թե ինչպես են ներկայացնում, իրենց հոգու խորքում հասկանում են, որ այդ ամենն անում են ընտրությունների համար: Օրենքով միգուցե արգելված չէ, բայց դա չի էականը: Հանրությունը ինչպես է դա ընկալում, այս ընտրությունից հետո մարդիկ ընտրությանը գնահատականներ են տալու: Եվ այդ այցելությունները ինչ-որ առումով այս ընտրությունների բովանդակությունը խամրեցնում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:
Պատգամավորը կարծում է, որ իշխանությունը պետք է ավելի համեստ դիրքերից հանդես գա և մինչև նախընտրական պայքարը երթեր ու հավաքներ չանի․ - «Իշխանությունը պիտի ուժեղի դիրքերից ավելի համեստ լինի, ուժեղի դիրքերից լինելով՝ ավելի մեծահոգի լինի, երթերն ու միտինգները չանի, ո՞ւմ աչքն է մտցնում: Կարող է՝ անում է, մենք չենք կարող՝ չենք անում: Հետո՞ ինչ: Չեմ կարծում, որ սա Նիկոլ Փաշինյանի օգտին է: Ես սիրում եմ էս երկիրը և ուզում եմ, որ էս երկրի ղեկավարը ժողովրդի ընկալման մեջ շարունակի մնալ էնպիսին, ինչպիսին հեղափոխոթյունից հետո էր»: