Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի հետ կապերի ամրապնդման վրա. Stratfor-ի վերլուծաբաններ


Կովկասում Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա, գտնում են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:

Նշելով, որ Հայաստանը ավանդաբար Ռուսաստանի սերտ և հավատարիմ դաշնակիցներից է, անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և ռազմական բլոկին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, վերլուծաբանները շարունակում են. - «Բայց վերջին ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է առաջացել, որը հաջորդում է թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժեղացմանը»:

Միացյալ Նահանգները հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, գտնում է Stratfor-ը` նշելով, որ նման մի փորձ արդեն արվել է, երբ ԱՄՆ-ի նախագահի Ազզգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցած ամիս այցելելով Հայաստան, ասել էր, թե ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին՝ արտահայտելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը:

Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկեց որպես ուղղակի սպառնալիք, շարունակում են Stratfor-ի վերլուծաբանները, Ռուսաստանը ներկա դրությամբ Հայաստանին զենքի վաճառքի մենաշնորհ ունի և հինգ հազարանոց զորք այդ փոքր երկրում: Չնայած Հայաստանը վերջին հաշվով դժվար թե հրաժարվի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համաձայնություններից, բայց երկուսի միջև քաղաքական խնդիրները կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռել թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը առանցքային դաշնակցի վրա:

Stratfor-ը գտնում է, որ Հայաստանի հիմնական հակառակորդ Ադրբեջանը ևս կգրավի ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես Իրանի վրա ճնշումների առումով: Ադրբեջանի հարաբերությունները իր հարավային հարևանի հետ դժվարությունների կհանդիպեն, քանի որ կառավարությունը, մասնակցելով Թեհրանի զսպման ԱՄՆ-ի ռազմավարությանը, նաև ձգտում է պահպանել արտաքին քաղաքականության հավասարակշռությունը: Ամեն դեպքում, Ադրբեջանը արդեն իսկ դադարեցրել է Իրանից բնական գազի գնումները դեռ մինչ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելը նոյեմբերի 5-ին: 2019-ին ամենայն հավանականությամբ կկրճատվեն տնտեսական կապերը Ադրբեջանի ու Իրանի միջև:

Ինչ վերաբերում է Վրաստանին, Stratfor-ը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները կավելացնի աջակցությունը անվտանգությանը և ավելի շատ զորավարժություններ կանցկացնի Վրաստանի հետ՝ տարածաշրջանի միակ երկիրը, որ ակտիվորեն ինտեգրվում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:

2019-ի համար արված Stratfor-ի վերլուծությունը կանխատեսում է ԱՄՆ-ի առաջիկա քաղաքականությունը Ռուսաստանին սահմանակից երկրների հետ:

Ամփոփ ներկայացված մի քանի պարբերություններում վերլուծաբանները նշում են, որ Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա Միացյալ Նահանգները զարգացնելու է իր կապերը նախկին Միության ծայրամասային երկրների հետ՝ ուժեղացնելու համար ճնշումները Ռուսաստանի վրա:

«Ռուսաստանին սահմանակից արևմտամետ երկրների հետ ԱՄՆ-ը կզարգացնի անվտանգության կապերը՝ զենքի վաճառքի ու զորավարժություններ անցկացնելու միջոցով: Միաժամանակ, Վաշինգտոնը տնտեսական ու անվտանգության նախաձեռնություններ կառաջարկի Մոսկվայի ուղեծրում գտնվող երկրներին՝ փորձելով նրանց պոկել Ռուսաստանից: Ռուսաստանը կարձագանքի իր սեփական միջոցներով, հիբրիդային պատերազմների մարտավարությամբ հակազդելու Միացյալ Նահանգների ու Արևմուտքի ազդեցության տարածմանը տարածաշրջանում», - գտնում են Stratfor-ի վերլուծաբանները 2019-ի համար արված զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG