«Հանցագործությունների, ճիշտ է, աճ գոյություն ունի, բայց դա այնպիսին չի, որ ռիսկային լինի, այնպիսին չի, որ մտահոգի մեզ բոլորիս և կապ չունի համաներման հետ: Առայժմ կապ չունի, ամեն դեպքում, համաներման հետ: Դա ուղղակի պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը, իսպառ վերացել է ոստիկանության համակարգում այն արատավոր երևույթը՝ հանցագործության թաքցնելը, որը նախկինում դեռ շարունակվում էր: Քաղաքացիների վստահությունը դեպի ոստիկանությունը․ եթե նախկինում մեզ՝ ոստիկանության ծառայողներիս, չէին ընդունում, չէին հարգում, չէին սիրում, չէին վստահում, այսօր ես կասեմ հակառակը», - հայտարարեց Օսիպյանը:
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 16 հազար 227, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 14 հազար 554: Է՚լ ավելի փոքր թիվ էր 2016-ի առաջին ինը ամսիներին՝ 14 հազար 237:
Պատասխանելով «Ազատություն» հարցին, թե ինչպես էին թաքցնում հանցագործությունները, նա մանրամասնեց․ - «Վլադիմիր Գասպարյանը միշտ պահանջել է, որ չթաքցնեն: Թաքցնելը ո՞նց ա եղել: Ուրեմն քաղաքացին գալիս էր հաղորդում տալու, պայմանականորեն ընդունենք, իր բնակարանը թալանելու մասին: Ոստիկանները, որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն, ասում էին՝ լավ կլինի, որ Դուք գնաք, Ձեր հայտարարությունը թողեք մնա, մենք գողին անպայման կհայտնաբերենք: Բանավոր գրանցում էին, ոչ պաշտոնական ընթացք էին տալիս այդ ամենին: Այսինքն՝ ունենք փաստացի դեպք, բայց ինքը չի երևում: Ուզում եք ես ձեզ էկող ամիս ցուցանիշներ ներկայացնեմ, որ դուք բոլորդ հիանաք, ասեք՝ էս ինչ լավ ա աշխատում ոստիկանությունը: Ես ստեմ ձե՞զ, ես ստեմ ի՞նձ, ստեմ ամբողջ հանրությա՞նը: Մենք պարզ, թափանցիկ ենք աշխատում»:
«Ազատության» հաջորդ հարցին, թե արդյոք ոստիկանությունում հետաքննվում է, թե ովքեր են թաքցրել, Օսիպյանն արձագանքեց․ - «Եթե լինի այդպիսինը, քաղաքացի, կամ ես, կամ որևէ մի պաշտոնյա տեղեկացված լինի, որ որևէ մի ոստիկան նախկինում առաջնորդվել է նման ձեռագրով, միանշանակ պատասխանատվության կենթարվի»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, նախկին իշխանությունների օրոք ոստիկանությունում տարածված էր հանցագործություններ թաքցնելը․ - «Նախկին ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանի գլխավորած ոստիկանությունը, որը հիմնականում, մենք տեսնում էին, որ գործում է օրենքից դուրս, իր գործունեության մասին ավելի շատ տեղեկանում էինք բռնի գործողություններից, ակտիվիստներին ճնշելու և այլ գործողություններից, այո, հանցագործությունները թաքցվում էին, կոծկվում էին և անտեսվում էին»:
Իրավապաշտպանի խոսքով՝ չնայած «ոստիկանության այսօրվա դեմքը փոխված է», սակայն «չեմ կարծում, որ այս ոստիկանությունն էլ ամբողջությամբ զերծ է մնում թաքցնելու դեպքերից կամ բռնությունից»․ - «Մեզ են դիմել Գեղարքունիքի մարզից․ 18-ամյա տղան, ով եկել էր Ռուսաստանից՝ բանակում ծառայելու նպատակով, և որը հիվանդություն ուներ, փոխեին նրա ծառայության ժամկետը, նրան բերման էին ենթարկել Նորքի զանգվածի ոստիկանություն, բռնություն էին գործադրել: Մենք դա հրապարակել էինք տեսանյութի տեսքով ևփորձել էին ոստիկանությունից բացատրություն ստանալ այդ կապակցությամբ: Մինչև հիմա մենք չունենք այդ բացատրությունը, էնպես չէ, որ նրանք խոստովանեցին և ընդունեցին, որ դա տեղի է ունեցել: Եվ խոստացված ծառայողական քննությունը մենք չստացանք»: