Մատչելիության հղումներ

«Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև՝ օրենսդիրում». Լիլիթ Մակունց


«Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլև՝ օրենսդիրում», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ նկատելով՝ մշակույթի ոլորտում օրենսդրական բացերը շատ են։

«Բնականաբար պատրաստ եմ լինել այնտեղ, եթե ի վերջո մենք քաղաքական որոշում կայացնենք և որոշենք, որ մեզանից ոմանք ավելի լավ է իրենց ներուժը ներդնեն օրենսդիրում, քան՝ գործադիրում, ես պատրաստ եմ», - ասաց Մակունցը՝ շարունակելով. - «Իսկապես օրենսդրական շատ մեծ բացեր զգացել եմ, մասնավորապես թատրոնի օրենքը, կինոյի օրենքը, թանգարանների օրենքը։ Այս երեքն այն առաջնահերթություններից են, որ, կարծում եմ, պետք է առաջ մղվեն»։

Նշենք, որ Լիլիթ Մակունցը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ Քայլը» դաշինքի ցուցակով։ Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Դավթաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:

Մակունցն այսօր ընդգծեց՝ ռեյտինգային ընտրակարգով մասնակցելը քաղաքական որոշում է։ «Քաղաքական որոշում է եղել, որ համամասնական ցուցակի բոլոր թեկնածունները պետք է առաջադրվեն ռեյտինգային ցուցակով։ Սա քաղաքական որոշում է», - ասաց Մակունցը։

Ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG