Դավիթ Վիրաբյանը Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից Վիրաբյանի հետկանչին։
«Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականացվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել», - գրել է Նաղդալյանը՝ շարունակելով. - «Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Եվ պարոն Վիրաբյանը, և պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»։
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Բիյագովը։