Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրինագիծը, որի համաձայն՝ Հայաստանի նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1: Կողմ քվեարկեց 64, դեմ` 2, ձեռնպահ` 1 պատգամավոր:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է երեկ: Ինչպես հայտնեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել, առաջարկ եղել է Հանրապետականի կողմից, որը վերաբերել է վարչապետի օդանավի և ուղղաթիռի` այլ անձանց կողմից օգտագործման կարգին․ - «Մեր դիրքորոշումն այն է, որ այդ առաջարկը որևէ կերպ չի առնչվում նախագծի հետ: Նախագիծը վերաբերում է միայն նախագահի և վարչապետի նստավայրերին»:
Հայաստանի նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ում է եղել նաև նախկինում, իսկ Մաշտոցի 47 էր տեղափոխվել նախորդ մի քանի ամիսներին։ Նախագահականը կրկին Բաղրամյան 26 տեղափոխելու առաջարկը կառավարությանը՝ արդարադատության նախարարությանն էր: