Այս երեկո «Սոսե» միջազգային փառատոնի շրջանակներում Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի ամերիկացի կինոռեժիսոր Մարտա Հյուսկենի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Անապատի ագռավներ» խորագրով չափազանց ուշագրավ փաստավավերագրական ֆիլմը, որն արդեն իսկ ներկայացվել է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում, մասնակցել մի շարք ամերիկյան և եվրոպական կինոփառատոների և բարձր գնահատականների արժանացել:
Այս ֆիլմը ստեղծվել է Լևոն Փարյանի համանուն գրքի հիման վրա: Լևոն Փարյանի պապը՝ Լևոն Յոթնեզբարյանը կյանքի վերջում ցեղասպանության տարիների մասին իր հուշերն է հայերեն թելադրել կնոջը՝ Վարդուհի Յոթնեղբայրյանին, և ահա այս հուշերի հիման վրա էլ նրանց թոռը՝ մասնագիտությամբ կենսաբան, լուսանկարիչ, Միացյալ Նահանգներում բնակվող Լևոն Փարյանը տարիներ առաջ գրել է «Անապատի ագռավները» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվել է համանուն փաստավավերագրական ֆիլմը:
«Ազատության» հետ զրույցում Լևոն Փարյանն ասաց, որ Մարտա Հյուսկենը վավերագրական կինոյի վարպետ է, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, և շուրջ երեք տարի աշխատել է ֆիլմի վրա:
Գրքի հեղինակը շեշտում էր, որ ինքն ամբողջապես պահպանել է իր պապի թելադրած պատմությունը, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափելի իրադարձությունների միջով անցած և մի կերպ փրկված մարդկանց ոդիսականը: Այն չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին:
Ի դեպ, հեղինակը շեշտում էր նաև, որ իրենց ընտանիքը Ցեղասպանության տարիներին շատ հայտնի է եղել իր հերոսներով, հատկապես հայտնի էր Ուրֆայի հերոս Մկրտիչ Յոթնեղբայրյանն՝ իր գլխավորած ազատության համար կռվող խմբով:
Յոթնեղբայրյանների մեծ տոհմական ընտանիքը 20-րդ դարասկզբին բնակվելիս է եղել Ուրֆայում: Իր պապը՝ Լևոն Յոթնեղբայրյանը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Օսմանյան կայսրության բանակում ի թիվս 60 հազարից ավելի 17-50 տարեկան հայազգիների, որոնց մեծ մասը հենց բանակում էլ սպանվեց ցեղասպանության տարիներին ռազմական նախարար Էնվերի հրամանով: 27-ամյա Լևոն Յոթնեղբայրյանը, հասկանալով, որ վաղ թե ուշ իրեն էլ է սպառնալու նույն ճակատագիրը, մի կերպ փախչում է զորամասից, աննկարագրելի զրկանքներ կրելով անապատ հասնում և միանում այդ ժամանակ Օսմանյան կայսրության դեմ ապստամբած արաբական զորքերին, որոնց առաջնորդների շնորհիվ ոչ միայն ինքն է փրկություն գտնում, այլև կարողանում է փրկել հազարավոր մարդկանց՝ կանանց ու երեխաների, որբերի՝ նրանց գնացքով Սիրիա, Դամասկոս տեղափոխելով:
Իսկ այդ հնարավորությունը նա ստացել էր արաբների առաջնորդներից մեկի՝ արքայազն Շերիֆ Ֆեյսալի կողմից իրեն տրված լիազորագրերի ու հրամանագրերի շնորհիվ:
Լևոն Փայլանը անգլերեն հրատարակել է նաև մոր հուշագրությունը, մոր ընտանիքի պատմությունը՝ «Աղջիկը Երուսաղեմից» խորագրի ներքո: Նա ասաց, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող օտարալեզու վավերագրական գրքերը շատ կարևոր են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, բայց շատ ավելի կարևոր են այդ գրքերի հիման վրա ստեղծված ֆիլմերը, որոնք միլինոնավոր մարդկանց կպատմեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: