Արդեն հայտնի է, որ զոհվածը քսանհինգամյա Ալբերտ Եփրեմյան է, ով Մադրիդից Հայաստան էր վերադառնում՝ վերադարձի վկայականով։
Ավելի վաղ ռուսաստանյան և հայաստանյան մամուլը գրել էր, թե երիտասարդին արտաքսել են Իսպանայի իշխանությունները, սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից «Ազատության» հարցման ի պատասխան հայտնել են, որ «ՀՀ քաղաքացին Հայաստան էր վերադառնում վերադարձի վկայական փաստաթղթով՝ անձնագիրը կորցնելու պատճառով: Շատ են հարցնում, թե դա դեպորտի հարց է, բայց իրականում այդպես չէ»:
Երիտասարդի մարմնի հատվածները հայտնաբերվել են երեկ երեկոյան, տեղական ժամանակով 20:10-ին: Թե ինչպես է երիտասարդը հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ:
Հայաստանի քաղաքացու մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ «տրանսպորտային անվտանգության պահանջների խախտում» հոդվածով:
Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ նա մահացել է ուժգին հարվածից: Նրա մարմինը հայտնաբերել են այն բանից հետո, երբ Մոսկվա - Աթենք թռիչքն իրականացնող «Բոինգի» անձնակազմը հայտնել է, որ օդանավը բախվել է ինչ-որ կենդանու։ «Բոինգը» շարունակել է իր թռիչքը:
Մինչ քննիչները հետաքննում էին պատահարի վայրը, թռիչքուղին փակ էր, ինչի պատճառով երեկ երեկոյան 8 թռիչք հետաձվել է:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հետաքննությանը՝ պարզելու, թե ինչպես է հայաստանցի երիտասարդը հայտնվել թռիչքուղում:
Ավելի վաղ ռուսաստանյան մամուլը տեղեկություն էր տարածել, որ Մադրիդ - Մոսկվա թռիչք իրականցնող օդանավում նա իրեն ադեկվատ չէր պահում և վիճում էր օդանավի անձնակազմի հետ, և անգամ հարվածել է անձնակազմի անդամներից մեկին:
Այս պահին հայտնի է, որ Մոսկվայի ժամանակով 18:00-ին Մադրիդից ժամանած օդանավը վայրէջք էր կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: Տեսախցիկները արձանագրել են, որ երիտասարդը ոստիկանների ուղեկցությամբ հասել է այն վայրը, որտեղ պետք է նստեր դեպի իր օդանավը տանող ավտոբուսը, սակայն չի նստել ավտոբուս, այլ վազել է դեպի թռիչքուղին: