Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն այսօր քննարկեց 2019 թվականի բյուջեի նախագիծը


Բյուջեին կողմ քվեարկելու մասին հայտարարել են ԱԺ բոլոր խմբակցությունները, չնայած ունեցած վերապահումներին։

Ազգային ժողովն այսօր քննարկեց 2019 թվականի բյուջեի նախագիծը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։ Արդյունքում բյուջեի նախագծի ծախսային մասը ավելացել է 5,9 մլրդ դրամով և կազմել 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։

«Բացատրվում է այս փոփոխությունը երկու խոշոր բաղադրիչով։ Առաջինը գիտության ծրագրերին վերաբերող ավելացված արժեքի հարկի հնարավոր անհրաժեշտությունը հաշվի առնելով լրացուցիչ շուրջ 2,5 միլիարդ դրամի նախատեսումն է, և երկրորդը պայմանավորված է ոստիկանության կողմից արտաբյուջետային մուտքերի գնահատականի վերանայմամբ, որը հնարավորություն է ընձեռել լրացուցիչ 2,5 միլիարդ դրամ նախատեսել թե՛ եկամտային, և թե՛ ծախսային մասում», - մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը։

Քվեարկությունը կանցկացվի վաղը առավոտյան մի շարք այլ հարցերի, այդ թվում վարկային համաձայնագրի հետ միասին։

Հայաստանի և Ասիական բանկի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով բյուջետային աջակցության համար ներգրավվում է 50 մլն դոլար վարկ՝ 15 տարի ժամկետով, որից երեքը արտոնյալ։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին մտահոգեց, որ վարկի արդյունքում ավելանալու է Հայաստանի արտաքին պարտքը։

«Այդ 50 միլիոնը մի հատ օլիգարխի որ մի հատ լավ թափ տայիք, կդնեիք բյուջե։ Հիմա այդքան խոսում ենք օլիգարխիայի դեմ պայքար, խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքար, այս 50 միլիոնը ինչ էր, որ չկարողացաք այդ 50 միլիոնը այդ օլիգարխիայից, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում վերցնել, դնել բյուջե, որպեսզի այդ 50 միլիոնը նորից չծանրանա մեր ժողովրդի ուսերին, և մենք նորից ստիպված չլինենք երեք տարի հետո մտածել՝ այս 50 միլիոնը կերանք, խմեցինք, սոցիալական նպաստ տվեցինք, բաժանեցինք պրծավ գնաց։ Հիմա 50 միլիոն ինչով ենք տալու», - նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը։

Հայկ Բաբուխանյանին արձագանքեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մեղադրանքները որակելով անհիմն։ - «Ես ուզում եմ ներկայացնել Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ոստիկանության կողմից բացահայտված վերջին ամիսների նյութերը։ Այս փաթեթը մոտավորապես 170 հայտարարություն են տարածել այս մարնինները, կառույցները, որտեղ հստակ բացահայտում են չարաշահումների, յուրացումների և վատնումների մասին տեղեկությունները։ Բնականաբար, այս գումարները, որոնք քննության ընթացքում կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետական բյուջե և այն հայտարարությունը, որ կոռուպցիոն գործարքները չեն բացահայտվում անհիմն են, և ես այս փաթեթը կներկայացնեմ պարոն Բաբուխանյանին ուսումնասիրության համար, որպեսզի անտեղի հայտարարություններ այս ամբիոնից չհնչեն կառավարության հանդեպ», - ընդգծեց Լենա Նազարյանը։

Եթե ԱԺ-ն չընդունի բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեն 2018 թվականի բյուջեի համամասնությունները: 2019-ի նախագծով բյուջեի դեֆիցիտը 2019-ին կանխատեսվում է 151.5 մլրդ դրամ, որից 54 մլն դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, մնացածը՝ արտաքին: Պետական պարտքի սպասարկմանը 2019-ին կտրամադրվի 357 մլրդ դրամ։

Խորհրդարանը նոյեմբերի 1-ին իրավունքի ուժով արձակվել է, սակայն շարունակելու է աշխատանքները մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Դրան նախորդող շաբաթը նույնպես ԱԺ հերթական նստաշրջան է նախատեսված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG