Մատչելիության հղումներ

Ցուցակները հաստատելուց առաջ երկար ժամանակ հանդիպումներ ենք ունեցել պոտենցիալ թեկնածուների հետ․ Լենա Նազարյան


«Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն այս անգամ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էր: Ստորև ներկայացնում ենք ասուլիսից մի հատված, ինչպես նաև ամբողջական տեսանյութը:

Հարց․ - Հարցս վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակներին․ ի՞նչ սկզբունքով է որոշվելու ցուցակի կազմը, «Քաղաքացիական պայմանագրում» ժողովրդավարության առումով հետընթաց է նկատվում, ինչո՞ւ են թեկնածուները համամասնական ցուցակներում ընդգրկվելու-չընդգրկվելու մասին իմացել վերջին պահին՝ ցուցակները ԿԸՀ հանձնելուց հետո։

Նազարյան․ - Ցուցակները հաստատելուց առաջ երկար ժամանակ հանդիպումներ ենք ունեցել պոտենցիալ թեկնածուների հետ, տարբեր հարցեր ենք քննարկել՝ հասկանալու համար արդյոք կարող ենք միասին աշխատել խորհրդարանում, ինչքանով են իրենք պատրաստ խորհրդարանում աշխատելու համար։

Գուցե և շատ սուբյեկտիվ որոշումներ են կայացվել, բայց դա եղել է վարչության շրջանակում, կուսակցությունը տեղեկացված է եղել, որ վարչությունն է այդ որոշումը կայացնում: Սուբյեկտիվության գործոնը նվազեցնելու համար մենք մշակել էինք չափանիշներ, որոնցով գնահատում էինք թեկնածուներին: Մասնավորապես հաշվի ենք առել քաղաքական լինելը՝ ինչքանով է մարդը պատրաստ քաղաքական մտքեր, բովանդակություն գեներացնել, ելույթներ ունենալ, հարցազրույցներին մասնակցել: Նաև ինչ արժեքային համակարգ ունի, որովհետև մի բան է երբ պատգամավորն օրինագիծ է մշակում, բայց մի բան է, որ հստակ գիտակցում է, թե ում շահերին է ծառայելու այդ օրինագիծը: Դա արդեն քաղաքական կողմնորոշման հարց է:

Հաշվի ենք առել նաև մասնագիտական կարողությունները, որովհետև հանձնաժողովներում շատ ծանր աշխատանք պետք է անեն պատգամավորները: Մի բան է, երբ ընդդիմություն ես, այլ բան է, երբ իշխանության պատգամավոր ես: Դա նշանակում է, որ հանձնաժողովներում պետք է նշանակես հանձնաժողովի նախագահներ, փոխնախագահներ, ովքեր ի վիճակի կլինեն կազմակերպել հանձնաժողովի աշխատանքը: Պատգամավորները պետք է կարողանան առաջարկներ անել, ծանոթանան ծավալուն նախագծերի, ինչպես նաև երկխոսեն կառավարության հետ, որպեսզի տպավորություն չլինի, որ կառավարությունը բերում է նախագիծ, իսկ Ազգային ժողովը միայն դակում է այն, առանց զարգացնելու, հարցադրումներ անելու, համոզելու կառավարությանը, փոփոխելու և բարելավելու օրինագիծը:

Հաշվի ենք առել նաև, թե որքանով է թեկնածուն պատրաստ միջազգային պատվիրակությունների կազմում՝ օտարերկրյա կազմակերպությունների հարթակներում, ներկայացնելու Հայաստանի շահերը օտար լեզվով, հանգիստ խոսելու Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին և այլ կարևոր հարցերի:

Հարց․ - Հարցազրույցները ովքե՞ր են վարել:

Նազարյան․ - Ես մասնակցել եմ այդ հարցազրույցին: Վարչության անդամներն են եղել։

Հարց․ - Սուբյեկտիվությունը նվա՞զ է եղել:

Նազարյան․ - Այդ չափանիշների միջոցով: Մենք նախապես քննարկել ենք այդ չափանիշները և ըստ այդմ, երկար քննարկումների ընթացքում փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ որոշում կայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG