Մատչելիության հղումներ

Էրեբունիում ապրիլի 22-ի զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի


Զանգվածային անկարգություններ Էրեբունի վարչական շրջանում, 22-ը ապրիլի, 2018թ.
Զանգվածային անկարգություններ Էրեբունի վարչական շրջանում, 22-ը ապրիլի, 2018թ.

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2018-ի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքով կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018-ի ապրիլի 22-ին մի խումբ անձինք, «բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել»։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2018-ի ապրիլի 22-ին հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը), և նախաքննություն կատարելու համար ուղարկվել Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին:

«Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ էին առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով 2018թ. հունիսի 13-ին որպես մեղադրյալ էր ներգրավվել նաև Ա. Հակոբյանը և վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննության ընթացքում` 2018թ. նոյեմբերի 17-ին, Ա. Հակոբյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Դատարանը Ա. Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի:

Ըստ Քննչական կոմիտեի, այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 4-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այս գործով են անցնում նաև Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նախկին փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG