Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 22-ից Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր թղթադրամներ


Նոր թղթադրամները, 20-ը նոյեմբերի, 2018թ․
Նոր թղթադրամները, 20-ը նոյեմբերի, 2018թ․

Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար։

1000 դրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000-ի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամին՝ Կոմիտասի նկարն է, 20 հազարին՝ Հովհաննես Այվազովսկու, և 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչն է: Բացի այս, գլխավոր դրամատունը որոշել է շրջանառել նաև նոր՝ 2000 դրամ արժողությամբ թղթադրամ՝ հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի նկարով։

«Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ ենք դնելու երեք անվանական արժեքով թղթադրամ՝ 10 հազար, 20 հազար և 50 հազար։ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ից», - «Ազատությանը» հայտնեցին Կենտրոնական բանկից։

Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար՝ ասում է Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։ Բայց դրանց շրջանառությամբ չի նշանակում, թե հները կիրառությունից դուրս են գալու։

Գլխավոր դրամատանը բացատրում են՝ նորերի տեսակարար կշիռը սկզբնական շրջանում մեծ չի լինելու, այնպես որ՝ սերնդափոխությունը կլինի բնական հունով։ «Որևէ սահմանափակում Կենտրոնական բանկի կողմից չկա, և մեր քաղաքացիները կարող են այդ առումով անհոգ լինել։ Անժամկետ կարող են օգտագործել երկրորդ սերնդի թղթադրամները, այնքան ժամանակ, որքան որ դրանք իրենց բնական մաշվածությամբ դուրս չեն բերի շրջանառությունից», - նշեցին դրամատանը։

Կենտրոնական բանկում, սակայն, զգուշացնում են՝ սկզբնական շրջանում տերմինալները դեռ չեն կարող ընդունել նոր թղթադրամներով կատարվող վճարումները։ Հարցը տեխնիկական է, բայց շուտ կարգավորվող՝ 1-2 ամիս ընդամենը կպահանջի։

«Որոշակի տեխնիկական և ծրագրային փոփոխություններ պետք է լինեն, որից հետո նոր այս թղթադրամներով հնարավոր լինի վճարային տերմինալներում վճարումներ կատարել», - նշեցին ԿԲ-ում։

Եվրոներ թողարկող գերմանական ընկերության կողմից տպագրված նոր թղթադրամները հայկական շուկայում 3-4 անգամ ավելի երկար կարող են ծառայել՝ վստահեցնում են գլխավոր դրամատանը։ Որակապես ավելի լավն են, հումքն էլ միայն բամբակը չէ, ինչը բարձրացնում է դրանց պաշտպանվածությունը։

«Հիբրիդ որակի թղթադրամներ են, այսինքն՝ բաղկացած են թղթից և պոլիմերային նյութերի համակցությունից։ Դրանց վրա մենք կարողանում են կիրառել ժամանակակից պաշտպանական բոլոր հատկանիշները», - հայտնեցին Կենտրոնական բանկից։

Նոր մակարդակի պաշտպանված թղթադրամներ ունենալուն զուգահեռ՝ չի փոխվել դրանց դիզայնը․ - «Թղթադրամի վրա պատկերված է անձը, անվանի անհատը, շուրջբոլորը՝ այն գործերը, որով այս անվանի անհատը դարձել է հայտնի, ինչով է ժողովուդը նրան հիշում։ Դարձերեսին՝ ժողովրդի հարգանքի տուրքը տվյալ անհատի հանդեպ, այսինքն, հուշարձանը՝ նվիրված այդ մարդուն, կամ այդ անհատի ծննդավայրի պատկերը, կամ այն շինության, այն տեղանքի պատկերը, որտեղ ինքը ծավալել է իր հիմնական գործունեությունը»։

Նոր թղթադրամները, ի դեպ, նվիրված են հայկական դրամի հոբելյանին։ Այս տարի նոյեմբերի 22-ին նշվում է դրամի 25-ամյակը։ 1993 թվականին հենց այդ օրը ազգային արժույթի ներդրմամբ Հայաստանում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG