Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան։
Նույն օրը Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամիի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակն ու հնարավոր զարգացումները, Աֆղանստանում հայ խաղաղապահների առաքելության հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Դավիթ Տոնոյանն առաջարկել է պաշտպանական բնագավառում փոխգործակցության խորացման համատեքստում դիտարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսումնառության հնարավորությունները և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարները։
Թարիք Շահ Բահրամին գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցի արդյունքների, ինչպես նաև Աֆղանստանում իրականացվող առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցության համար:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությանը Հայաստանի ԶՈւ խաղաղապահ զինծառայողները մասնակցում են 2010 թվականից՝ Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո: