Մատչելիության հղումներ

Ռուս մասնավոր զինվորները դիմում են Միջազգային քրեական դատարան


Միջազգային քրեական դատարանի շենքը Հաագայում, արխիվ
Միջազգային քրեական դատարանի շենքը Հաագայում, արխիվ

Ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները դիմել են Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այդ բիզնեսի հիմնադիրներին, կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր օգնում են մասնավոր ռազմական կազմակերպություններին:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել է Համառուսաստանյան սպայական ժողովի կոմիտեի նախագահ Եվգենի Շաբաևը:

Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդային հասցեագրված ուղերձը ստորագրել են 18 համառուսաստանյան և շրջանային հասարակական կազմակերպությունների 357 պատվիրակներ Ռուսաստանի 52 շրջաններից: Ուղերձի տեքստը քննարկվել է համառուսաստանյան սպայական ժողովում, որն անցել է "ЧВК. Гибель армии – #НасТутНет" նշանաբանի ներքո («Մասնավոր ռազմական ընկերություն: Բանակի մահը: #Մենք այստեղ չենք»: Այս բառախաղի ակնարկը հասցեագրվում է պաշտոնական Կրեմլի մշտական հավաստիացումներին, թե ռուս զինվորներ Ուկրաինայում կամ որևէ ուրիշ թեժ գոտում չկան՝ "их там нет":

Մինչդեռ, ըստ Համառուսաստանյան սպայական ժողովի և վետերանների միությունների, մասնավոր ռազմական ընկերությունների հարյուրավոր մարտիկներ են սպանվում: Զոհեր կան ոչ միայն Դոնբասում, այլև` Սիրիայում, Լիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Հյուսիսային և Հարավային Սուդանում, Եմենում և Գաբոնում:

«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներս, հիմնվելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի վրա, խնդրում ենք proprio motu սկզբունքով, այն է՝ սեփական նախաձեռնությամբ, գործ հարուցել մեր ներկայացրած փաստերով», - ասվում է ռուսաստանցիների դիմումում:

Վետերանների միությունների փոխանցմամբ՝ անցած երեք տարիների ընթացքում նամակներ են ստացվել հազարավոր քաղաքացիներից, ովքեր ծառայել են մասնավոր ռազմական ընկերություններում կամ աշխատել են անվտանգության և պահակային ծառայություններ մատուցող մասնավոր հիմնարկներում:

ՌԴ Դաշնային խորհուրդը հերքում է մասնավոր ռազմական ընկերությունների գոյության փաստը: Մինչդեռ այդ կազմավորումների անմիջական անդամները պնդում են, որ դրանք կան, և հայտնում են կոնֆլիկտներում զոհված կամ վիրավորված մարդկանց մասին:

Ռուսաստանցիներն արտասահմանում ռազմական գործողություններին մասնակցում են իբրև կամավորներ, պետությունը չի ճանաչում նրանց գոյությունը: Այդ մարդիկ չունեն իրավական կարգավիճակ, ուստի զրկված են պաշտպանութունից և վետերաններին հասանելիք արտոնություններից կամ սոցիալական օգնությունից:

Ընդ որում, շատերը ստիպված միանում են «Պատրիոտ» և «Վագներ» անուններով հայտնի մասնավոր ռազմական ընկերություններին: Նրանք, որպես կանոն, պատկերացում չունեն ստորագրվող պայմանագրերի մասին և արտասահմանում՝ «թեժ կետերում» շահագործվում են որպես իրավազուրկ վարձկաններ:

Միջազգային քրեական դատարանին ուղերձ փոխանցած պատվիրակներն ասել են «Ազատությանը», որ եթե գործ հարուցվի, մեծ թվով խաբված մարտիկներ ցուցմունքներ կտան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG