Մատչելիության հղումներ

Բելառուսն ու Ադրբեջանը առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն


Բելառուսն ու Ադրբեջանը առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն:

Մինսկում այսօր կայացել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնց ընթացքում հռչակագիր է ստորագրվել սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի ոլորտում Բելառուսի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև:

Ալիևը հայտարարել է, որ ամենակարճ ժամանակում այս հռչակագիրը կվերածվի Բելառուսից նոր սպառազինության գնման մասին պայմանագրի:

Հրապարակային հայտարարություններում Լուկաշենկոն և Ալիևը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին և այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ հայ-բելառուսական սկանդալին: Փոխարենը երկու երկրների նախագահները խոսել են Բելառուսում ադրբեջանական ներդրումների, ռազմատեխնիկական համագործակցության մասին:

Սա Ալիևի արդեն հինգերորդ պաշտոնական այցն է Բելառուս։ Կողմերը խոսում են բարեկամական, ռազմավարական դաշնակցության մասին: Ալիև - Լուկաշենկո տետ ա տետ հանդիպումը տևել է երկու ժամից ավելի, դրան հետևել են բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է. - «Ուրախությամբ կընդունենք ադրբեջանցի ներդրողներին»:

Մինսկն ու Բաքուն ուզում են միասնական արտադրությամբ դուրս գալ նաև երրորդ երկրի, մասնավորապես, թուրքական շուկա: Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են նաև «Գրոդնո ազոտ» ընկերությունում ադրբեջանական պետական նավթային ընկերության կողմից կատարվելիք ներդրումների թեման:

Լուկաշենկոն հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է Արդբեջանի հետ լուրջ համագործակցության ռազմավարական, այն է՝ էներգակիրների ոլորտում:

Ալիևն իր հերթին հայտարարել է, թե երկու երկրների միջև հարաբերությունները բնորոշում է այն, որ միջազգային կառույցներում միշտ աջակցում են միմյանց և կատարում են բոլոր պայմանավորվածությունները։

Այցի նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, Ալիևն ընդունել էր Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին: Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Բելառուսի նախագահն էր ընդունել Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևին:

Երկու հանդիպումների ժամանակ էլ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածության թեման:

Այն փաստին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման մանրամասները հրապարակավ ներկայացրել էր կազմակերպությանը չանդամակցող Ադրբեջանի դեսպանին, անցած շաբաթավերջին կոշտ արձագանքել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանին զայրացրել էր այս հանգամանքը, և նա հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG