Մատչելիության հղումներ

Ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայրից


Միացյալ Նահանգներում լայն ճանաչում վայելող գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Համահայկական գրողների միությունը:

Գևորգ Քրիստինյանն արդեն 30 տարի ապրում ու ստեղծագործում է Կալիֆորնիայում:

Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ:

Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն ճանաչումը, որ ունի Գևորգ Քրիստինյանը ԱՄՆ-ում, պիտի ունենա նաև հայրենիքում․ - «Մենք ուզում ենք, որ ժամանակային ու տարածական այդ արգելքը մենք հաղթահարենք: Ահա թե ինչու Համահայկական գրողների միությունը գրական ընթերցումների շարք է նախաձեռնել՝ նվիրված անվանի գրողի ստեղծագործությանը»:

Արևիկի դպրոցի տնօրենը Քրիստինյանի ստեղծագործություններից առանձնացրել էր այն հատվածները, որոնք վերաբերում են հայրենի գյուղին․ - «Գևորգ Քրիստինյանի մենք գիտենք Արևիկով, գիտենք Շիրակ աշխարհով: Նա մեր երկուհարյուրամյա գյուղի պատմության կենսագիրն է»:

Հայ մեծերից Հովհաննես Շիրազը գրական ասպարեզում «նոր հայտնություն» է համարել Գևորգ Քրիստինյանին: Դպրոցի աշակերտները ներկայացրին մյուս հայ մեծերի խոսքերը Քրիստինյանի մասին: Նրանք նաև անակնկալ էին պատրաստել՝ հայրենակից գրողի որոշ ստեղծագործություններ ներկայացնելով բեմականացված տարբերակով:

Գևորգ Քրիստինյանի համար անակնկալ ուներ նաև Աբգար Ափինյանը․ - «Այս պարգևները, որ մեր սեղանին են, ինքը դեռ չի տեսել: Այս տարի մեր խորհրդի որոշմամբ, Գևորգ Քրիստինյանը արժանացել է մեր ամենաբարձր գրական մրցանակին՝ Պարույր Սևակի անվան մրցանակին: Ձեր հավանությունն ու օրհնությունը ստանալուց հետո այս մրցանակը կսկսի իր ճամփորդությունը դեպի Կալիֆորնիա, դեպի Լոս Անջելես: Ինքը արժանի է այս մրցանակին, որովհետև Պարույր Սևակի ընկերն է եղել, աշխատել է Պարույր Սևանի հետ»:

Երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ, 84-ամյա Գևորգ Քրիստինյանը դեռ շարունակում է ստեղծագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG