Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել Երևանի տարբեր բանկոմատներից էլեկտրոնային սարքավորման միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փորձի մասին։ Պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
«Նախնական քննության տվյալներով, 1977թ. ծնված ՀՀ քաղաքացին արտագնա աշխատանքի ընթացքում ծանոթացել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 1976թ. ծնված տղամարդու հետ, ընկերացել։ Վերջիններս, տեղեկանալով էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատներից հափշտակություն կատարելու հնարավորության մասին, 2018թ. հունվարի 26-ին Ռուսաստանից ժամանել են Երևան, որից մի քանի օր անց՝ հունվարի 29-ին, ինքնաշեն էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի տպասալի (պլատայի) կառավարման մալուխին հասանելիություն ստանալու եղանակով, փորձել են հափշտակել բանկոմատում առկա կանխիկ գումարը։ Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է երեք տարբեր բանկոմատից հափշտակության փորձ՝ նույն անձանց մասնակցությամբ», - ասված է հաղորդագրությունում:
«Նախապես համաձայնեցված դերաբաշխման համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 41-ամյա տղամարդը կանգնել է բանկոմատի առաջ և փակել այլ անձանց տեսադաշտը, իսկ ՌԴ քաղաքացի հանդիսացող 42-ամյա տղամարդը կպչուն ժապավենով փակել է բանկոմատի տեսախցիկը, զոդիչ գործիքով վնասել բանկոմատի դիմային դետալը, հասանելիություն ստացել բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի կառավարման մալուխին ու փորձել, ինքնաշեն էլեկտրոնային սարքավորումը դրան միացնելով, շրջանցել բանկոմատի աշխատանքային ռեժիմն ու հափշտակել բանկոմատում առկա գումարը։ Մի դեպքում առերևույթ հանցագործություն կատարած անձանց չի հաջողվել գործարկել սարքավորումը, և նրանք հեռացել են դեպքի վայրից։ Նույն մեխանիզմով մեկ այլ բանկոմատից հաջողվել է դուրս բերել միայն որոշ մասը՝ 1.440.000 ՀՀ դրամը՝ 1.000, 5.000, 10.000 և 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքներով քառասունական թղթադրամներով, իսկ երրորդ փորձի ժամանակ՝ բանկոմատի դիմային դետալը վնասելուց հետո, հայտնաբերվել են բանկոմատների անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից, և հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով», - շարունակում է Քննչական կոմիտեն:
42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության փորձ», 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով հոդվածի՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել», իսկ 41-ամյա տղամարդուն՝ Քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Երկու մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։