Մատչելիության հղումներ

«Ակնկալում եմ Հայաստանի իշխանությունից՝ հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի»․ Արտակ Զաքարյան


Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները կհասնեն նրան, որ Մինսկը ներողություն խնդրի Երևանից։

Չցանկանալով Բելառուսի հետ Հայաստանի պրոբլեմները պայմանավորել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անձով, Զաքարյանն այնուամենայնիվ նշեց՝ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունն առիթ տվեց Բելառուսին նաև անցնելու դիվանագիտական էթիկայի սահմանները։

«Շատ վատ եմ վերաբերվում Բելառուսի պաշտոնական հայտարարությանը և պետք է ասեմ, որ նախկինում՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ, որևէ պետության մտքով անգամ չէր անցնում պաշտոնապես նման արձագանք տալ Հայաստանից հնչած որևէ պաշտոնական դիրքորոշման մասին։ Իհարկե, եղել են պրոբլեմներ, նոր չի, որ մենք Բելառուսի հետ ունենք պրոբլեմներ, և դա Նիկոլ Փաշինյանով էլ երևի պայմանավորված չի, բայց կարծես վարվող արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի կողմից առիթ տվեց Բելառուսին նաև անցնելու դիվանագիտական էթիկայի սահմանները, և այս առումով անձամբ ես մեր իշխանություններից ակնկալում եմ, որպեսզի նրանք դիվանագիտական խողովակներով և մնացած բոլոր հնարավոր ձևերով հասնեն նրան, որ Բելառուսը պաշտոնապես ներողություն խնդրի, որովհետև դա բոլորիս է վերաբերում», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Զաքարյանը։

Հարցին, թե սա այն դեպքը չէ՞, որ բոլորը պետք է համախմբվեն Հայաստանի ղեկավարի շուրջ, Արտակ Զաքարյանն այսպես պատասխանեց. - «Միանշանակ դա բոլորիս է վերաբերում։ Ես դա համարում եմ նաև վիրավորանք իմ անձի նկատմամբ, ես ինքս համարում եմ, որ դա ինձ էլ էր վերաբերում։ Չեմ ուրախանում, կողքից կանգնած, ասեմ՝ «դե Նիկոլ Փաշինյանն է եփել այս ճաշը, ոնց ուզում է, թող տակից դուրս գա», իհարկե սա սխալ մոտեցում է։ Մենք միշտ էլ ասել ենք, որ այո՛, մենք հեշտ չենք կարողանում առաջ շարժվել Բոլառուսի և Ղազախստանի հետ, մեր հիմնական գործընկերը, դաշնակիցը ռազմավարական Ռուսաստանի Դաշնությունն է և մեր բոլոր խնդիրները մենք Ռուսաստանի Դաշնության հետ միասին ենք լուծում, բայց միևնույն ժամանակ մենք Բելառուսի և Ղազախստանի հետ պահել ենք գործընկերային դաշտը, հարաբերությունները, որովհետև միայն ՀԱՊԿ-ում չի և միայն Ադրբեջանը չի, մենք հարաբերվում ենք Եվրասիական տնտեսական միության մեջ, մենք հարաբերվում ենք ՄԱԿ-ի հարթակում»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Լուկաշենկոյի այս քայլին, հայտարարել է. - «Ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», - ասել է Փաշինյանը:

Հարցին, թե պաշտպանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հակադարձ քննադատությունը՝ ուղղված Բելառուսին, Արտակ Զաքարյանը պատասխանեց. - «Գիտեք, ես քննադատում եմ Բելառուսի պաշտոնական տեսակետն՝ արտգործնախարարության հայտնած մեր երկրի վարչապետի ասած կարծիքին։ Մենք պետք է չշտապեինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված որոշումներ կայացնելուն, մեր իշխանությունները պետք է չշտապեին, դա նաև գործընկերային բազմակողմ հարաբերություններ են, որոնք ենթադրում են իրենց կանոնները, և այդ շտապողականությունը բերեց նրան, որ կոնկրետ երկրներ նաև կարող են օգտվել, փորձում են և կարծես թե օգտվում են»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո։ Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրները այդպես էլ նոր գլխավոր քարտուղարի հարցում ընդհանուր հայտարարի չեկան և որոշեցին քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք հանդիպման ընթացքում։

Արտակ Զաքարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG