Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում անհայտ մի կին պայթեցրել է ինքն իրեն ոստիկանական պահակակետի մոտ։
Ոստիկանությունը հաղորդել է, որ ինքնասպան ահաբեկիչը մահացել է, այլ զոհեր ու վիրավորներ չկան։
Չեչնիայի ոստիկանության պետի պաշտոնակատար Ապթի Ալաուդինովը ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հետ զրույցում պատմել է, որ կնոջ վարքագիծը ոստիկանների մոտ կասկածների տեղիք է տվել։ Երբ ոստիկանները կնոջից անձը հաստատող փաստաթղթեր են պահանջել, նկատել են նրա մոտ եղած պայթուցիկ սարքը և կրակ են բացել։ Ի պատասխան՝ վերջինս պայթեցրել է ինքն իրեն։