Մատչելիության հղումներ

Հայաստան են այցելել Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հարցերով ԱՄՆ փորձագետները


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

ԱՄՆ Պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ը Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունում, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:

«Պատվիրակությունը հանդիպեց արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ», - փոխանցում է ամերիկյան դեսպանատունը:

«Պատվիրակությունն ընդգծեց Իրանի ռեժիմի բացասական վարքագիծը առավելագույն տնտեսական և դիվանագիտական ճնշումներով փոխելուն ուղղված ԱՄՆ ջանքերը՝ միաժամանակ նախանշելով համագործակցության ոլորտներ գործընկեր պետությունների հետ, ինչպիսին է՝ Հայաստանը», - ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի սկզբին ուժի մեջ մտան Իրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած նոր պատժամիջոցները: Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև երրորդ երկրների ընկերությունները, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ` մասնավորաբար գնելով այդ երկրում արդյունահանված էներգակիրները: Վաշինգտոն որոշակի զիջումների է գնացել` ժամանակավոր բացառություն սահմանելով աշխարհի ութ պետությունների համար, որոնց թվում Հայաստանը չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG