Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 350 ավտոմեքենա: Այս մասին առավոտյան հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվությունը:
Հայաստանի տարածքում ժամը 9-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, հաղորդում է ԱԻՆ-ը՝ վարորդներին խորհուրդ տալով մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ: