Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանի Փարիզ այցի կապակցությամբ Ադրբեջանը սպառնում է բողոքի նոտա հղել Ֆրանսիային


Արցախի նախագահ Բակո Սահակյանը Փարիզում, արխիվ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Փարիզում, արխիվ

Պաշտոնական Բաքուն սպառնում է վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ և բողոքի նոտա փոխանցել՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Փարիզում «հանդիսավոր ընդունելության արժանացնելու համար»:

«Նման այցի հնարավորություն տալով և ընդունելով ապօրինի վարչակազմի ներկայացուցիչներին՝ Ֆրանսիան դեմ է գնում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ոգուն, ինչպես նաև Փարիզի ու Բաքվի միջև ստորագրված համաձայնագրերին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հավելելով․ - «Դրանով Ֆրանսիան նաև լուրջ կասկածի տակ է դնում իր օբյեկտիվությունը և անաչառությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, որը պետք է աջակցի ղարաբաղյան խնդրի կողմերին՝ հակամարտության կարգավորման հարցում»:

Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահական նստավայրը հաղորդեց, որ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա կփոխանցի Ֆրանսիային այս հարցի կապացությամբ», - հայտարարել է արտգործնախարարությունը, ընդգծելով՝ սա նմանօրինակ առաջին դեպքը չէ: «Ֆրանսիայի կողմից հետևողականորեն իրականացվող և երկակի չափանիշների վրա հիմնված այդ դիրքորոշումը ստիպում է Ադրբեջանին վերանայել երկկողմ հարաբերությունները», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Փորձագետները փաստում են, որ Բաքվի այս կոշտ հայտարարության ու Փարիզի հանդեպ դժգոհության հիմքում միայն Ղարաբաղի նախագահի այցը չէ: Ադրբեջանում չեն թաքցնում, որ հիասթափված են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնից, ով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցած ամիս այցելեց Երևան, ջերմ հանդիպումներ ունեցավ Հայաստանի նոր իշխանությունների հետ, սակայն Բաքու այդպես էլ չմեկնեց:

«Այն, որ Ֆրանսիայի նախագահը տարածաշրջան կատարած իր վերջին այցի ընթացքում այդպես էլ չեկավ Ադրբեջան, վկայում է, որ այդ երկրի քաղաքականությունը հիմնված է երկակի չափանիշների վրա», - «Թրենդ» գործակալությանն ասել է քաղաքագետ Թագիր Սաբեթովը:

Քաղաքագետ, նախկին դիվանագետ Ֆիքրեդ Սադիխովն էլ պնդել է՝ Ադրբեջանի նախագահը հենց այդ պատճառով էր մերժել ֆրանսիական կողմի հրավերը և չէր մեկնել Փարիզ՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հիմնականում աշխարհի առաջնորդների մակարդակով անցկացված այդ հավաքին Ադրբեջանը ներկայացված էր արտգործնախարարի մակարդակով:

«Դրանով Ադրբեջանի նախագահը հասկացրեց Ֆրանսիայի առաջնորդին, որ մեր երկրի շահերը մեզ համար ամեն ինչից վեր են: Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում նախագահ Ալիևը հավասարակշռված ու արժանապատիվ պատասխան տվեց Փարիզին», - «Թրենդ»-ին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, նախկինում արտգործնախարարության ներկայացուցիչ Ֆիքրեթ Սադիխովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG