Մատչելիության հղումներ

Ասանժին ներկայացված մեղադրանքը պարունակում է նաև ԱՄՆ ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքը


Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից ողջունում է աջակիցներին, արխիվ
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից ողջունում է աջակիցներին, արխիվ

ԱՄՆ դատական նյութերը վկայում են այն մասին, որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներկայացված մեղադրանքը ներառում է նաև Միացյալ Նահանգների ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը:

Ըստ The Washington Post պարբերականի և ամերիկյան այլ լրատվամիջոցների այսօրվա հրապարակման` Ասանժին անմիջականորեն չառնչվող մի գործ, որի մաս է կազմում նաև ռուսների միջամտությունը, գտնվում է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանի վարույթում:

The Washington Post-ը նշում է, որ «գործի այդ հանգամանքի մասին հրապարակումը սխալմամբ է տեղի ունեցել»:

Ամերիկացի դատախազ Քելեն Դուայերը մամուլին փոխանցել է, որ այդ տեղեկության արտահոսքը և գործի վերաբերյալ հանրային հետաքրքրությունն անհնարին են դարձնում Ասանժին մեղադրանք ներկայացնելու փաստը գաղտնիք պահելու հնարավորությունը:

Դուայերը նաև հավելել է, որ «մեղադրանքի հիմնավորումները չեն հրապարակվի, քանի դեռ Ասանժը ձերբակալված չէ»:

Գործին ծանոթ աղբյուրները The Washington Post-ի հետ զրույցում հաստատել են, որ Ասանժին նաև այդ հանցանքն է մեղսագրվում:

WikiLeaks կայքը Թվիթերի էջում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Ասանժին մեղադրանք է ներկայացվում:

«Սենսացիա, ԱՄՆ արդարադատության նախարարությունը իբր «պատահմամբ» բացահայտում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներկայացվող մեղադրանքի փաստը մի գործով, որն ուղղակի չի առնչվում Ասանժին», - գրել է WikiLeaks-ը:

45-ամյա Ասանժը մեղադրվում է Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ վարած պատերազմների մասին պետական գաղտնիք համարվող մոտ կես միլիոն փաստաթղթեր գողանալու և հրապարակելու մեջ:

ԱՄՆ ընտրություններին ռուսների միջամտության հանգամանքները հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն այդ գործի շրջանակներում քննում է նաև 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կայքից և դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնից տասնյակ հազարավոր էլեկտրոնային նամակներ հաքերային հարձակմամբ գողանալու և հրապարակելու գործը:

ԱՄՆ հետախուզական կառույցների համոզմամբ, էլեկտրոնային նամակները գողացել են Ռուսաստանի իշխանության հետ կապ ունեցող ցանցահենները, ովքեր փորձել են վարկաբեկել դեմոկրատ թեկնածուին և նպաստել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին: Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքը:

2017 թվականին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն, ով այսօր զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, ասել է, որ «Wikileaksը թշնամական հետախուզական ծառայություն է, որը գործում է Ռուսաստանի պատվերով»: Փոմփեոն այն ժամանակ Ասանժին անվանել է «կեղծարար»:

Ասանժը 2012 թվականից ի վեր ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել արտահանձնումից Շվեդիա, որտեղ մեղադրվում է երկու կնոջ բռնաբարելու հոդվածով:

Շվեդիան ի վերջո կարճել է գործը, սակայն Ասանժը չի ցանկանում լքել դեսպանատան տարածքը, քանի որ դեռ ուժի մեջ է նրան ձերբակալելու՝ Բրիտանիայի իրավապահների որոշումը:

Ասանժի աջակիցները պնդում են, որ բրիտանացիները WikiLeaks-ի հիմնադրին կարող են փոխադրել Միացյալ Նահանգներ, որտեղ նրան ներկայացվող մեղադրանքները ենթադրում են երկարատև ազատազրկում և տեսականորեն նույնիսկ մահապատիժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG