Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը, որին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:
«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը», - ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում ասել է Հայկակ Արշամյանը: Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: «Հիմնադրամը շարունակում է գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղղվելու է իր նպատակին», - շեշտել է Հիմնադրամի տնօրենը:
Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», - նշել է Հայկակ Արշամյանը:
Ինչպես հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հեռախոսամարաթոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը։
Նոյեմբերի 22-ին կանցկացվի Հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ը: