Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
Ստորև ներկայացնում ենք հատված «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսից»․
«Ազատություն»․ - «Ֆեսբուքյան ասուլիսի» էջում շատ են հարցերը, հենց քաղցկեղով հիվանդ մարդիկ անձամբ են գրում, օրինակ՝ Ուռուցքաբանության կենտրոնից դժգոհությունները շատ են, և ասում են, որ պատշաճ ուշադրության կենտրոնում չի գտնվում կառավարության Ուռուցքաբանության կենտրոնը, կարծես առանձին կղզյակ է, որը պոկվել է նախարարությունից:
Արսեն Թորոսյան․ - Այդ բողոքները մեզ էլ են գալիս, բայց մենք ոչ մի բան չենք կարողանում անել կոնկրետ բողոքի հետքերով գնալով:
«Ազատություն»․ - Զուտ որովհետև շե՞նքը ձերը չէ:
Թորոսյան․ - Շենքը չէ, ամեն ինչ: Ես, օրինակ, չեմ կարող ցուցում տալ էդ հիմնարկի տնօրենին որևէ բան անել, լիազորություն չունեմ:
«Ազատություն»․ - Հիմնարկի տնօրենները, որպես կանոն, էդպես եղել են անհասանելի․․․
Թորոսյան․ - Չէ, ես հիմա մեր՝ առողջապահության ենթակայության տակ հիմնարկի տնօրենին կարողանում եմ ցուցում տալ այս կամ այն բանը․․․ ցուցում եմ տալիս, ասենք, հաստիքացուցակ եմ հաստատում, ֆինանսական բալանս եմ հաստատում, խորանում ենք էդ ֆինանսականի մեջ, աուդիտ կարող ենք անել: Էս դեպքերում ոչ մի բան չենք կարող անել, ես դրա համար եմ ասում, որ ստացվում է, որ մենք կտրված ենք էդ կենտրոնների վրա ազդելուց՝ որևէ կերպ:
«Ազատություն»․ - Դուք ասացիք կառավարության նիստում, որ երկու բուժհիմնարկներ կան, որոնք գտնվում են պետգույքի բալանսի վրա, ու ասում էիք, որ դա մեծապես կվնասի նաև ոլորտին, մեծապես կվնասի նաև, ընդհանուր առմամբ, դրա կառավարումը եթե չլինի առողջապահության նախարարությանը․․․ Ինչի՞ մասին է խոսքը, ասենք՝ բերեցիք, ի՞նչ եք անելու:
Թորոսյան․ - Տեսեք, իրականում երկու հիմնարկներ չեն, շատ ավելի շատ շատ հիմնարկներ են, մենք երկուսը որոշեցինք մասնավորեցման ցանկից հանել, որպեսզի չմասնավորեցնենք՝ հաշվի առնելով նրանց ստրատեգիական, ռազմավարական բնույթը: Իսկ մնացած բուժհիմնարկները՝ ևս հինգ, ես կառավարության որոշման նախագիծ կներկայացնեմ, որպեսզի նրանց բաժնետոմսերի կառավարումը դրվի առողջապահության նախարարի վրա, որովհետև մի, այսպես ասած, ոչ ճիշտ իրավիճակ է առաջացել, երբ որ բժշկական հիմնարկի կառավարումը գտնվում է մի ոչ պրոֆիլային կառույցի ներքո, և խնդիրների դեպքում ոչ պրոֆիլային կառույցը պարզապես չի կարողանում միջամտել, իսկ մենք էլ, երբ որ ուզում ենք միջամտել, չենք կարողանում լիազորությունների մասով միջամտել:
«Ազատություն»․ - Ո՞ր կենտրոնների մասին է խոսքը:
Թորոսյան․ - Որևէ կենտրոնի․․․
«Ազատություն»․ -Էդ երկուսը որո՞նք են:
Թորոսյան․ - Հետ բերվածները՝ մեկը Այրվածքաբանության կենտրոնն է, մյուսը՝ Ուռուցքաբանության կենտրոնը, այսինքն՝ էդ երկուսը որոշվել է ընդհանրապես չմասնավորեցնել:
Արսեն Թորոսյանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսը» կարող եք դիտել այստեղ․