Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան․ «Մենք մեզ համարում ենք այս հեղափոխության մաս»


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատությանը» տված հարցազրույցում խոսում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ ինչ են ակնկալում և որ տեղի համար են պայքարելու:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - «Բարգավաճ Հայաստան»-ը երկրորդ տեղի համա՞ր է պայքարելու:

Նաիրա Զահրաբյան․ - «Բարգավաճ Հայաստան»-ը պայքարում է քաղաքական դաշտում իր ուրույն և կարևոր տեղը ունենալու համար, «Բարգավաճ Հայաստան»-ը գնում է ընտրողի վստահության քվեն շահելու, որովհետև այն ծրագիրը, որը մենք առաջիկայում կներկայացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը ենթադրում է լուրջ տնտեսական, ես չեմ վախենա անգամ այդ բառը ասելուց՝ հեղափոխություն․․․

«Ազատություն»․ - Չէ, բայց սա սկզբունքային նշանակություն ունի, եթե, ասենք, ներդրումները, տնտեսական ռեֆորմները խոստանում եք և գիտեք, որ չեք անելու, որովհետև երկրորդ տեղում եք, դա մի բան է․․․

Զոհրաբյան․ - Բայց, գիտե՞ք, ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, որովհետև մենք մեզ համարում ենք այս հեղափոխության մաս․․․

«Ազատություն»․ - Այդ դեպքում, ներողություն, ուրեմն՝ ունեք վարչապետի ձեր թեկնածուն, որը, ենթադրում եմ, Գագիկ Ծառուկյանն է: Կարո՞ղ եք դա ասել ընտրողներին:

Զոհրաբյան․ - Ոչ, ես այս պահին որևէ բան չեմ կարող ասել՝ մինչ այն պահը, երբ որ դեկտեմբերի 9-ի կամփոփվի վերջին քվեաթերթիկը և պարզ կլինի, թե որքան վստահության քվե է տվել մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

«Ազատություն»․ - Դե ուղղակի բոլորի ելակետը սա է՝ «գիտենք՝ Փաշինյանը հաղթում է, մենք էլ գնանք իրեն քննադատելու, հակակշռելու և այլն»:

Զոհրաբյան․ - Բացարձակ մենք նման խնդիր չենք դրել՝ Փաշինյանին քննադատելու, և նման օրակարգ մենք չունենք, որովհետև մենք ուզում ենք, որ այս հեղափոխությունը հաջողի:

«Ազատություն»․ - Գագիկ Ծառուկյանի մասնակցության մասով: Այդքան ասվեց, որ բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից, բայց ինքն էլի առաջադրվում է, պարզ է՝ էլի բացակայելու է նիստերից և այլն: Այսինքն՝ ձեր ընտրողը կարող է ասել՝ բան չի փոխվել:

Զոհրաբյան․ - Գիտե՞ք, նախ պարզ չի, որ բացակայելու է՝ մեկ, և յուրաքանչյուր բացակայություն ունեցել է իր հիմնավոր պատճառը, և երկրորդ՝ երբ որ անընդհատ խոսում են՝ բիզնեսմեն, սեփականատեր, ես հարց եմ ուզում տալ նման վերլուծաբաններին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ կա՞ մի կետ, որտեղ գրված է, որ, օրինակ, ռադիոտեխնիկը կարող է լինել պատգամավոր, բայց սեփականատերը, ի դեպ՝ սեփականության իրավունքը մեր Սահմանադրությամբ պաշտպանված իրավունք է, չի կարող լինել պատգամավոր: Սա սխալ և խեղաթյուրված․․․

«Ազատություն»․ - Դե եթե մանդատը չծառայեցնի այդ սեփականությունը պահելուն:

Զոհրաբյան․ - Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, և այս 11 տարիների ընթացում, եթե Դուք նշեք մեկ դեպք, որ Գագիկ Ծառուկյանը իր պատգամավորական մանդատը ծառայեցրել է քաղաքական նպատակներով, ես կհամաձայնեմ Ձեզ հետ:

«Ազատություն»․ - Ձեր կարգախոսը այսօր իմացա՝ «Միասին կառուցենք մեր Նոր Հայաստանը»: Ճի՞շտ եմ:

Զոհրաբյան․ - Գիտեք, մեր կուսակցությունը որոշել է վերադառնալ արմատներին, և կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրություններին կգնա 2007-ի մեր կարգախոսով՝ «Մեր խոսքը գործ է» և «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր», դա կլինի մեր հիմնական կարգախոսը, իսկ ես նաև, այո, Սյունիքում և Վայոց ձորում կունենամ «Միասին կառուցենք մեր Նոր Հայաստանը» [կարգախոսը]:

«Ազատություն»․ - Միասին Նոր Հայաստան կառուցելը նշանակո՞ւմ է արդյոք Փաշինյանի կառավարության մաս դառնալ ընտրություններից հետո: Տեսականորեն սա հնարավոր համարո՞ւմ եք:

Զոհրաբյան․ - Տեսականորեն, իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այսօր կանխատեսել, թե ինչ բանակցություններ, ինչ քննարկումներ, ինչ հնարավոր կոալիցիաներ կլինեն դեկտեմբերի 9-ից հետո, կարծում եմ՝ ուղղակի անշնորհակալ գործ է:

Նաիրա Զոհրաբյանի հետ Կարլեն Ասլանյանի հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG