Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը երկարատև և չափազանց լարված բանակցություններից հետո համաձայնեցրել են Միությունից Բրիտանիայի դուրս գալու՝ «բրեքզիթի», պայմանագրի նախագիծը:
Երեկ մինչև ուշ երեկո վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստում նախարարների հետ քննարկել է պայմանագիրը և ստացել է նրանց մեծ մասի հավանությունը:
Սակայն «բրեքզիթի» հարցով հատուկ նախարարի պաշտոն զբաղեցնող Դոմինիկ Ռաաբն ի նշան բողոքի հրաժարական է ներկայացրել, քանի որ անընդունելի է համարում ԵՄ֊ից դուրս գալու պայմանները:
Հրաժարականներ են ներկայացրել աշխատանքի և կենսաթոշակների նախարար Էսթեր Մաքվեյը և կառավարության ևս չորս պաշտոնյաներ, ովքեր ունեն «կրտսեր նախարարի» կարգավիճակ:
Այնուամենայնիվ վարչապետ Մեյը համարում է, որ ավելին այս պայմաններում կառավարությունն անել չի կարող: Նա այսօր խորհրդարանում շնորհակալություն է հայտնել նախարարներին, այդ թվում հրաժարականներ ներկայացրած գործընկերներին և զեկուցել է իրավիճակի մասին:
«Պարոն խոսնակ, երեկ մենք համաձայնեցրել ենք պայմանագրի միջանկյալ դրույթները: Նոյեմբերի 25-ին կգումարվի «բրեքզիթի» օրակարգով Եվրոպական խորհրդի հատուկ նիստը»,- ասել է Մեյը:
Բրիտանիայի ընդդիմությունը պնդում է, որ «բրեքզիթի» համաձայնությունը չի համապատասխանում Միացյալ Թագավորության շահերին:
Ոմանք արդեն հնչեցնում են վարչապետի հրաժարականի պահանջը: Սակայն Թերեզա Մեյն ասել է օրենսդիրներին, որ երկրի առջև պարզ ընտրություն է:
«Մենք կարող ենք հեռանալ առանց գործարքի, մենք կարող ենք վտանգել բուն «բրեքզիթը», կամ էլ կարող ենք միավորվել և աջակցել լավագույն տարբերակին, որի շուրջ պետք է բանակցենք»,- ասել է Մեյը:
Նա հավատացնում է, որ երեկ կառավարության համաձայնեցրած նախագիծը վերջնական չէ և դեռ կարող է լրամշակվել, սակայն ընդդիմությունը պնդում է, որ կառավարությունը պառակտված է, իսկ վարչապետը կորցրել է հեղինակությունը, ուստի, նախագիծը պետք է մերժել:
Եվրամիությունը հետևում է այս քննարկումներին: Բրեքզիթի հարցով Եվրամիության հատուկ բանագնաց Միշել Պարնյեն այսօր վաղ առավոտյան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ներկայացրել է բրիտանացիների հետ բանակցությունների արդյունքները:
«Եթե արտառոց որևէ բան չպատահի՝ մենք կանցկացնենք Եվրոպական խորհրդի ժողով և հավանություն կտանք օրինագծին: Ժողովը տեղի կունենա նոյեմբերի 25-ին»,- ասել է Դոնալդ Տուսկը:
«Եվ վերջապես թույլ տվեք ասեմ մեր բրիտանացի ընկերներին՝ որքան էլ տխուր եմ ձեր հեռանալու համար, իմ կողմից կանեմ ամեն ինչ, որ հեռանալը հնարավորինս քիչ ցավ պատճառի թե՛ մեզ և թե՛ ձեզ»,- հավելել է Տուսկը:
Մինչդեռ, արտառոց բաներ չեն բացառվում: Հարցը բնավ չի կարելի լուծված համարել: Նախ «բրեքզիթի» օրինագիծը պետք է հաստատեն Եվրամիության գագաթնաժողովում, ապա Եվրամիության բոլոր մնացած 27 երկրների ազգային խորհրդարաններում և Բրիտանիայի խորհրդարանում, ինչպես նաև Եվրախորհրդարանում:
Փորձագետները չեն բացառում, որ Մեյը մինչ այդ գուցեև ստիպված կլինի հրաժարական տալ: Առավել բարդ հարցերից մեկը Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության սահմանին է առնչվում:
Բրեքզիթի օրը հայտնի է՝ 2019 թվականի մարտի 29-ը: ԵՄ-ից Բրիտանիայի չկարգավորված ու չհամաձայնեցված դուրս գալը կարող է աղետալի քաղաքական և տնտեսական հետևանքներ ունենալ և՛ Միության, և՛ Բրիտանիայի համար։