Վճռաբեկ դատարանը սկսել է քննել Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Քոչարյանի պաշտպանները պահանջում են Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնել նախկին նախագահի կալանավորման դեմ բերած փաստարկներից ևս երկուսը, մինչդեռ մեղադրող կողմը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը:
Դատական նիստը դռնփակ է: Գործը վարույթ էր ընդունվել սեպտեմբերի 19-ին:
Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:
Պաշտոնաթող նախագահն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: