Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը ռիսկերից դուրս ցուցակ է․ Ստյոպա Սաֆարյան


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 11 ուժերի ցուցակները, ըստ քաղաքական վերլուծաբանների, չեն զարմացրել ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումներով։

Հիմնական քննարկումները ծավալվում են Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի ցուցակի շուրջ: Ինչպես քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն է նկատում՝ առաջադրված ուժերի մեծամասնությունը ևս կասկածի տակ չի դնում նրանց հաղթանակը և հայտարարում է երկրորդ տեղի համար պայքարելու մասին։ Դաշինքի կորիզը կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, մեծ թիվ են կազմում նաև տարբեր ոլորտներից ընդգրկված երիտասարդ անկուսակցականները։

«Ռիսկերից զուրկ ցուցակ է։ Ես կարծում եմ, որևէ վտանգ չեմ տեսնում, որ այդ ցուցակը ընտրություններում կխոչընդոտի և ի դերև կանի այն կանխատեսումները, որոնց համաձայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող էր ստանալ քվեների մեծամասնությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակի համար կարճ այսպիսի բնութագրում է տալիս՝ կարող էր նաև ավելի վատը լինել։ Բացատրում է՝ խնդիրը հեղափոխությունից հետո առկա մեծ սպասելիքներն էին, և ցանկացած պարագայում քննադատության առիթ կլիներ։

«Ընդհանուր տպավորությունս այնպիսին էր, որ Նիկոլ Փաշինյանը այդ ցուցակին նայել է մատների արանքով կամ շատ չի կարևորել, ինչը ցավալի է, կարծում եմ, որովհետև դա կնշանակեր, որ ինքը այնքան էլ շատ չի կարևորում Ազգային ժողովի դերը։ Ցուցակներում բոլոր կուսակցությունների մարդիկ հայտնվել են նաև այն տրամաբանությամբ, թե ով հետագայում ինչով պիտի զբաղվի և ինչ դերակատարում պիտի ստանձնի, ընդհուպ մինչև՝ ով որ հանձնաժողովում պետք է աշխատի, ով հասարակության որ խավի վրա պետք է աշխատի։ <...> Այսինքն, կարծում եմ նաև, որ էդպես նախնական դերակատարումներ նույնպես մշակվել են՝ հետագայում թե ով կոնկրետ ինչ պիտի անի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

«Այս ընտրակարգի դեպքում թերևս շանս ունեն այն քաղաքական ուժերը, որոնք կա՛մ իշխանության կուսակցություն են, ինչպես «Քաղաքացիական պայմանագիրը», կա՛մ ունեն բավականին լուրջ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ», - նշեց Ստյոպա Սաֆարյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ «Իմ քայլի» ցուցակում կարող են լինել անձինք, ովքեր ՀՀԿ-ի հետ առնչվել են։ 183 թեկնածուներից, միայն Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանն են նախկինում ՀՀԿ խմբակցության անդամներ եղել։ Վերլուծաբանները չեն բացառում, որ այս հայտարարությանը հաջորդած հասարարական դժգոհության արդյունքում նաև այդ ցանկը ավելի մեծ չեղավ։ Փաշինյանի գլխավորած դաշինքի ցուցակում չեն հայտնվել նաև ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարած քաղաքական այլ ուժերի առանձին ներկայացուցիչներ, օրինակ «Ժառանգություն», ՀԱԿ և այլն։

«Քաղաքական պատասխանատվության դեպքում խոսել տարբեր ծրագրեր, տարբեր մոտեցումներ, այն էլ առանցքային խնդիրներով քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասին նույն թիմում խնդիր կլիներ։ Այս դեպքում քվեարկությունները ակամայից ազդելու էին թիմի վրա։ Մենք նույնիսկ այս պահին ունենք այդ ռիսկերը «Քաղաքացիական պայմանագրի» թիմում։ Թե կոնկրետ առանցքային խնդիրների դեպքում իրենց ինչպես կպահեն այնտեղ հայտնված բոլոր մարդիկ, որոնք հնարավոր է չունեն նույնական պատկերացումներ ղարաբաղյան խնդրի լուծման, արտաքին անվտանգության և տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ», - ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ակնհայտ փոփոխություններ են նկատվել ՀՀԿ-ի ցուցակում։ Այնտեղից բացակայում են նախորդ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ցուցակներով ամենաշատ ձայներ հավաքած պատգամավորները՝ Արայիկ Գրիգորյանը, Կարեն Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը։ Նրանք նախորդ ընտրություններին 40 հազար ձայների շեմը հաղթահարած եզակի պատգամավորներ էին։

«Այդ լծակները չեն աշխատելու՝ ո՛չ գումար բաժանելը, ո՛չ ասֆալտ անելը կամ տանիքներ նորոգելը, ո՛չ ինչ-որ բաներ խոստանալը։ Իսկ եթե դրանք չեն աշխատելու, այդ ռեյտինգային թեկնածուները չէին կարող ապահովել այդ ձայները և հակառակ էֆեկտը կստանային», - ընդգծեց Արմեն Բաղդասարյանը։

«Հանրապետական կուսակցության նախկին ցուցակները կոմպրոմիսների արդյունք են եղել։ Այնտեղ հիմա շատ թևեր դուք չեք նկատի։ Այնտեղ չկա ռուսաստանահայ գործարարների թևը, կլինի դա Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան, այնտեղ չկա տեղական, այսպես ասած, խմբավորումների թևերը, այնտեղ չկա, այո, Միքայել Մինասյանի թևը։ Իշխանությունը փլուզվեց հենց դրա համար, որովհետև արդեն իսկ նրանց միջև կոնսենսուսները բացակայում էին», - հավելեց քաղաքագետը։

Նոր Ընտրական օրենսգրքի տապալումը խորհրդարանում լավագույն պայմանները չի ստեղծում նոր ձևավորվող քաղաքական ուժերի համար, կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ում գնահատմամբ ավելի մեծ են շանսերը ֆինանսական, մեդիա և մարդկային ռեսուրսներ ունեցող ուժերի դեպքում։ Այս առումով մրցունակ է համարվում ԲՀԿ կուսակցությունը, ում ցուցակում հեղափոխական փոփոխություններ չեն նկատվում։

«Որքան էլ որ այդ լծակները չեն գործելու, այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան մի քանի շատ մեծ հեղինակություն ունեցող և մարդկանց հարգանքը վայելող դեմքեր, որոնց հաշվին էլ հենց այդ ուժը կմտնի խորհրդարան։ Պետք է ասենք, որ հոկտեմբերի 2-ից հետո կուսակցության վարկանիշը բավականին ընկավ», - նշեց Ստյոպա Սաֆարյանը։

«Լուսավոր Հայաստան», «Սասնա Ծռեր» կուսակցությունները, «Մենք» դաշինքը և առաջադրված մյուս ուժերը անցողիկ 5 կամ 7 տոկոս շեմը հաղթահարելու խնդիր ունեն։ Վերլուծաբանները դժվարանում են կանխատեսել ում դա կհաջողվի, քանի որ այս ընտրություններին շատ բան կախված կլինի քարոզարշավից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG