Դեկտեմբերի 9-ին որակյալ ընտրություններ անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, այսօր գործադիրի նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նպատակ են դրել անցկացնել Երրորդ Հանրապետության պատմության ամենալավ ընտրությունները։
«Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել։ Ոչ թե Երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ մենք պետք է անցկացնենք ընտրություններ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նախկին ընտրությունների փորձից Փաշինյանը թվարկում է վտանգավոր ավանդույթները, որոնք բոլորը պետք է բացառվեն. հանրակրթության ոլորտի ներքաշում քարոզչության մեջ, վարչական լծակների կիրառում ընտրողներին ուղղորդելու համար, այսպես կոչված «ասողների ինստիտուտի» կիրառում, դահլիճների ընտրովի տրամադրում նախընտրելի և ոչ նախընտրելի ուժերի և այլն։
«Իսկ հաշվարկի ժամանակ պետք է հասնել նրան, որ անգամ մեկ քվեաթերթիկ անգամ սխալ տրցակում չհայտնվի», - նշեց վարաչապետի պաշտոնակատարը։ - «Ընդ որում՝ ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլև ներկուսակցական ֆորմատով։ Ինչ նկատի ունեմ՝ քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջև, և պետք է բացառել որևէ նման երևույթ, և իհարկե, մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման այսպիսի փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը իր ողջ ուժով»։
Կառավարության ղեկավարը հիշեցրեց իրավապահ մարմիններին՝ ոչ միայն պետք է արձագանքեն ընտրակաշառքի կամ այլ խախտումների հնարավոր դեպքերին, այլև կանխեն։ - «Մենք պետք է բոլորս հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ և պարզապես ամենակոշտ հակազդեցությանը կարժանանա ընտրողի կամքի վրա փողով, նյութական միջոցներով ազդելու որևէ փորձ»։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված են կառավարության 17 նախարարներից 8-ը։ «Ազատության» հետ զրույցում նրանք այսօր հայտնեցին, որ վերջնական որոշում դեռ չկա՝ իրենցից ով է մնալու կառավարությունում, ով է գնալու Ազգային ժողով, եթե ընտրություններում հաղթի «Իմ քայլը» դաշինքը։
«Մի քանի գործոններ կան, որոնք հաշվի կառնենք որոշումները կայացնելիս՝ և՛ վերջին ամիսների աշխատանքը, և՛ ընտրությունների արդյունքները, և՛, իհարկե, ներթիմային քննարկումները», - նշեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Կապի և տրանսպորտի նախարարն ավելացնում է՝ ժամանակ չեն ունեցել այդ հարցին անդրադառնալու, բայց անձամբ ինքը իրեն տեսնում է գործադիրում, թեև Հակոբ Արշակյանի անունը ևս ներառված է «Իմ քայլի» ցուցակում։
«Իմ պրակտիկ բնույթից ելնելով և ավելի գործառնական պրոֆեսիոնալիզմի բնույթից ելնելով՝ կարծում եմ, որ ավելի կառավարության մեջ եմ ինձ տեսնում», - ասաց նախարարը։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը չի հերքում մամուլի հրապարակումները, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներից մեկն է իրենց քաղաքական ուժի հաղթանակի դեպքում։
«Ընտրությունների արդյունքը և թիմային քննարկումները ցույց կտան, թե ով է իրական հավակնորդը և ով կհավակնի այդ տեղին։ Ես կարծում եմ, որևէ քաղաքական գործիչ, որ գործընթացներին մասնակցում է, իր համար նման սահմանափակումներ չկան։ Այսինքն յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնի իր քաղաքական կարիերայում», - ընդգծեց Արայիկ Հարությունյանը։