Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնում իր լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Այդ մասին Թանդիլյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության», - մասնավորապես գրել է Թանդիլյանը:
Նա նշել է, որ ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ է շարունակել իր քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։
«Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը», - գրել է Թանդիլյանը՝ շարունակելով. - «Լուսավոր Հայաստանի» ծրագրերում արտացոլված են նաև իմ պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի փառս հայ ժողովրդի։